Ուկրաինայի ԶՈՒ-ն երկարատև մարտերի ընթացքում հետ է գրավել Կիևի հիդրոէլեկտրակայանը. Կլիչկոն հայտարարել է, որ մայրաքաղաքում ռուսական զորքեր չկան
International newsԿիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ «գիշերը մայրաքաղաքում դժվար է եղել, սակայն քաղաքում այլևս օկուպանտներ չկան»։ Այս մասին նա ասել է տեսաուղերձում։
Կլիչկոյի խոսքով՝ «հակառակորդը Գոստոմելից և Ժիտոմիրից փորձել է ներխուժել մայրաքաղաք, սակայն Ուկրաինայի ԶՈՒ-ն ոչնչացրել է ագրեսորին»:
Հայտնի է, որ ներկայում Կիևում գործում են դիվերսիոն խմբեր։ Գիշերը բախումներ ու փոխհրաձգություններ են եղել։
«Խնդրում եմ բոլորին հանգստություն պահպանել և թաքստոցներում մնալ: Հակառակորդը հարձակվելու է օդից: Մայրաքաղաքում տեղաշարժը կբարդանա, քաղաքի շրջակայքում անցակետեր են տեղադրվում»,- ասել է Կլիչկոն:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, Ուկրաինայի զինված ուժերը երկարատև մարտերի ընթացքում ռուս զինվորականներից հետ են գրավել Կիևի հիդրոէլեկտրակայանը: Այս մասին հայտնում է էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կայանն ամբողջությամբ գտնվում է ուկրաինական իշխանությունների վերահսկողության տակ։ Տեխնիկական անձնակազմը լքել է ապաստարաններն ու անցել աշխատանքի։
Ինչպես ավելի վաղ գրել էր Tert.am-ը, Կիևի հիդրոէլեկտրակայանն անցել էր Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ։
Մինչդեռ փետրվարի 26-ի վաղ առավոտյան Կիևի քաղաքային պետական վարչության պաշտոնական թելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ Կիևի փողոցներում մարտեր են ընթանում, բնակիչները պետք է մնան ապահով վայրերում։
«Մեր քաղաքի փողոցներում այժմ մարտեր են ընթանում, խնդրում ենք պահպանել հանգստություն և լինել հնարավորինս զգույշ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։