Ուկրաինայում «չկա ոչ մի բելառուս զինվոր», «ոչ մի բելառուսական փամփուշտ», հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` ի պատասխան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կոչին։
«Բելառուսի տարածքից պատերազմ չի ընթանում,- նշել է Լուկաշենկոն,- մենք օգնու՞մ ենք ռուսներին, իհարկե, օգնում ենք: Եթե նրանք մեզ դիմում են լուրջ վնասվածքներով, մենք նրանց բուժում ենք: Եվ ի՞նչ վատ բան կա դրանում», — հայտարարել է Լուկաշենկոն:
Նա հաստատել է, որ Բելառուսի տարածքից հրթիռներ են արձակվել ուկրաինական դիրքերի ուղղությամբ, սակայն պնդել է` դա հարկադրված քայլ է եղել, քանի որ «ուկրաինական կողմում՝ Բելառուսի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, հրթիռային գումարտակներ էին տեղակայվել՝ պատրաստ ամեն րոպե հարվածելու ռուսական դիրքերին»։
Զելենսկին ավելի վաղ հրաժարվել էր բելառուսական Գոմելում բանակցելուց` ասելով, որ պատրաստ է բանակցությունների «ցանկացած երկրում, որտեղից հրթիռներ չեն թռչում»։
Ռուսական աղբյուրները հաղորդում են, որ Ռուսաստանի պատվիրակությունը ժամանել է Բելառուս բանակցությունների համար: