Ինչ առեւտրատնտեսական կապեր ունի Հայաստանը Ուկրաինայի հետ
EconomicsՎերջին օրերի ընթացքում խորացող ռուս-ուկրաինական հակամարտությունն իր ազդեցությունը կթողնի նաև Հայաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ առևտրաշրջանառության ծավալների վրա։ Անկախացումից ի վեր երկու երկրների միջև եղել է սերտ առևտրատնտեսական հարաբերություններ։ Հայաստանն և Ուկրաինան հանդիսանում են Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրներ, ինչը նպաստում է ազատ առևտրային հարաբերությունների զարգացմանը։
Տնտեսական իրավիճակը ամբողջությամբ փոխվեց 2014 թվականին, երբ Հայաստանն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, իսկ Ուկրաինան որոշեց շարունակել եվրոասոցացման ճանապարհը։ Չնայած Ռուսաստան-Ուկրաինա խորացող հակամարտությանը՝ Հայաստանը շարունակել է առևտրատնտեսական սերտ կապեր պահել ուկրաինական կողմի հետ։ Դրան, անշուշտ, նպաստել է ուկրաինահայությունը, ովքեր ակտիվ տնտեսական, քաղաքական և մշակութային ներգրավածություն ունեն Ուկրաինայում։
1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո և 1990-ական թվականների Արցախյան հակամարտության տարիներին հազարավոր հայաստանցիներ և ադրբեջանահայեր բնակություն հաստատեցին Ուկրաինայի արդյունաբերական և ծովափնյա քաղաքներում։ Ուկրաինայի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում հիմնվել են հայկական մշակութային ընկերություններ, եկեղեցիներ, դպրոցներ, հայերենի ուսուցման խմբակներ։ Ներկայումս Ուկրաինայում բնակվում է շուրջ 130 հազար հայ, ոչ պաշտոնական տվյալների հայերը Ուկրաինայում կազմում են 400 հազար մարդ։
Համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն էր թողել նաև հայ-ուկրաինական առևտաշրջանառության վրա։ Բացի այդ, ուկրաինական գրիվնայի շարունակական արժեզրկման պայմաններում հայկական ապրանքները կորցրել են իրենց մրցունակությունը Ուկրաինայի շուկայում։Ցավալի է նշել, որ վերջին տարիներին Ուկրաինայի կառավարության ծայրահեղ լիբերալ տնտեսական քաղաքականությունն ուղղակի ոչնչացրեց մեծ ճանաչում և կարողություն ունցեող արդյունաբերության ոլորտը։
2021 թվականին Ուկրաինայից Հայաստան է 143,2 մլն դոլար ապրանք, որը նախորդ տարվա համեմատ ավել է 19,5 մլն դոլարով կամ 15,7 տոկոսով։ Ուշագրավ է, որ այս նույն ժամանակահատվածում Հայաստանից արտահանումն Ուկրաինա նվազել է 800 հազար դոլարով կամ 3,1 տոկոսով՝ կազմելով 25,6 մլն դոլար։ Այսինքն՝ Ուկրաինայից ներկրումը շուրջ 6 անգամ գերազանցում է մեր արտահանմանը։
Խիստ մտահոգիչ է, որ ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության ձգվելու և խորանալու դեպքում Հայաստանի և Ուկրաինայի միջև առևտաշրջանառությունը զգալի կորուստներ կունենա, և կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բացասական հետևանքները մեղմելու ուղղությամբ։
Հարկ է նշել, որ Հայաստանից Ուկրաինա է արտահանվում հետևյալ ապրանքները՝ կոնյակ, գինի, սիգարետ, պղնձի թափոն, սարքավորումներ, լամպեր, քաղցրավենիք և այլն։
Միաժամանակ, Ուկրաինայից Հայաստան է ներկրվում հետևյալ ապրանքները՝ սառեցված տավարի միս, հավի միս, խտացրած կաթ, կարագ, մարգարին, ընկույց, շաքարավազ, հրուշակեղեն, սիգարետ, անվադողեր, թուղթ, հրակայուն աղյուսներ, երկաթից կիսապատրաստուկներ, գլանակներ, ամրաններ, պոմպեր, խցաններ, էլեկտրական սարքավորումներ և այլն։
Ուկրաինայից ներկրվող ապրանքները մեծ մասնաբաժին չունեն մեր շուկայում, սակայն դրանց մատակարարումների դադարեցումը կարող է էականորեն ազդել այդ շուկաների գների վրա։