Սլավոնական պատերազմի անմիջական հետևանքները
AnalysisԱյս օրերին Ուկրաինայում ընթացող ՌԴ հատուկ ռազմական օպերացիան, որը վերջին ժամերին կենտրոնացել է մայրաքաղաք Կիևը գրավելու խնդրի վրա, լուրջ արտաքին քաղաքական խնդիրներ է ստեղծում ՀՀ-ի համար։
Ակնհայտ է, որ հետպատերազմյան Հայաստանում դիվանագիտության չգոյության պայմաններում Ռուսաստանի շուրջ այս օրերին ստեղծված իրավիճակը, արևմտյան կոշտ պատժամիջոցները և ՌԴ նկատմամբ մեկուսացման քաղաքականությունն արտառոց մարտահրավեր է ՀՀ համար անկանխատեսելի հետևանքներով։ ՌԴ նախագահի կողմից Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչումից հետո ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ այդ տարածքների ճանաչման հարց ՀՀ օրակարգում չկա։ Նախօրեին հայտնի դարձավ, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն կասեցրել է ՌԴ իրավունքը՝ ներկայացված լինել կազմակերպությունում: ԵԽ-ին ՌԴ ներկայացվածության կասեցման օգտին քվեարկել է 42 պետություն, երկու երկիր՝ Հայաստանն ու Ռուսաստանը, դեմ են եղել, Թուրքիան ձեռնպահ է մնացել, իսկ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը։
Բոլորս ենք հիշում, որ իր հունվարյան առցանց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կարճ անդրադարձել էր ռուս-ուկրաինական հնարավոր լարվածությանը՝ նշելով, որ պայթյունավտանգ իրավիճակ է, որն իրենց հուզում է։ Փաշինյանն ասել էր, որ շահագրգռված են, որպեսզի Ուկրաինայում իրավիճակը վերահսկողությունից դուրս չգա։ Նա նաև հույս էր հայտնել, որ «եթե»-ներին բանը չի հասնի, և իրավիճակը չի սրվի մինչև ռազմական բախում։
Ըստ էության, աշխարհում ստեղծված իրավիճակը՝ աշխարհակարգի փոփոխությունը, մարտահրավեր է բոլոր երկրների, հատկապես՝ փոքր և անկայուն անվտանգային համակարգ ունեցող երկրների համար։ Կարող են նշել, որ այդ գործընթացը վաղուց է սկսվել, և հատկապես Հարավային Կովկասը, Վրաստանը 2008 թվականից հետո շատ է խոսել այն մասին, թե ինչպիսին պետք է լինի Արևմուտքի քաղաքականությունը մեր տարածաշրջանում, որին հաջորդեց Ղրիմը, Դոնբասը, այսօր՝ Ուկրաինան ամբողջությամբ։
Այսօր արդեն կա հստակ իրավիճակ, որում յուրաքանչյուր երկիր, այդ թվում՝ մեր տարածաշրջանի բոլոր երկրներն իրենց ազգային շահերն են փորձելու առաջ մղել։ Յուրաքանչյուր երկիր որոշումներ կայացնելիս՝ պետք է հաշվի առնի հարցերի մի ողջ համակարգ, կարողանա նաև երկարաժամկետ գնահատականներ տալ իրավիճակին։ Մենք պետք է հաշվի առնենք, որ ՌԴ շուրջ օղակը սեղմվում է, տարածություն չի մնում, որը նրան ստիպելու է ավելի սերտացնել բոլոր տեսակի կապերն իր ավանդական գործընկերների հետ, այս դեպքում մեր տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Ադրբեջանի ու, հնարավորության դեպքում, Թուրքիայի հետ։
Ըստ էության, հաշվի առնելով Հայաստանի սերտ գործընկերությունը Ռուսաստանի հետ և Ռուսաստանի շուրջ ստեղծվող իրավիճակը, չեզոքությունը կերաշխավորի Հայաստանի համար հեռանկար, որ Արևմուտքի հետ ներկայիս դինամիկան չի փոխվի, ինչը կարևոր է Հայաստանի համար։ Իսկ հակառակ դիրքավորումը Հայաստանին ևս կգցի մեկուսացման և պատժամիջոցներից ավելի շատ տուժելու վտանգի տակ։
Ակնհայտ է նաև այն, որ ակտիվ ու ճիշտ դիվանագիտությամբ կարելի է Հայաստանի դիրքորոշումները բոլոր կողմերի համար ընկալելի դարձնել։ Միանշանակ է, որ ՀՀ-ն պետք է լրջորեն ուսումնասիրի, թե որ իրավիճակում ինչպես պետք է դիրքավորվի՝ իր համար խնդիրներ չստեղծելու նպատակով, հատկապես, երբ ժամանակ առ ժամանակ հղում է կատարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԼՂ հակամարտության այլ հարցերը կարգավորելու նպատակով։
Տիգրան Մկրտչյան