«Ամեն ինչ կատարվում է նախապես գծված պլանով». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Տեղի են ունենում գլոբալ փոփոխություններ՝ կապված նաև աշխարհակարգի հետ: Փոփոխություններ, որոնք բավականին ցավալի ընթացք են ունենալու բոլորի համար:
«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ցանցային հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական ռազմական գործողություններին, դրանց ազդեցությանը: «Անգլոսաքսոնյան կողմն արդեն միահեծան չի իշխում աշխարհի վրա, ու հայտնվել են այնպիսի միավորումներ, որոնք կարողանում են իրենց կամքը թելադրել: Առաջին հերթին խոսքը Չինաստանի ու Ռուսաստանի մասին է: Այսօր Ուկրաինայում ընթացող պատերազմն անմիջականորեն ստեղծվում էր ԱՄՆ-ի կողմից: Իզուր չէր, որ Բայդենը վերջին 2 ամիսներին անընդհատ ասում էր, որ այնտեղ պետք է պատերազմ լինի: Իսկ Մինսկի պայմանագրերը, համաձայնությունները ոչ մի կերպ չէին ընկալվում Արևմուտքի ու նրա կամակատար Ուկրաինայի կողմից: Պատերազմը ցավալի փաստ է, բայց սա տրամաբանական շարունակությունն է այն գործողությունների, որոնք իրագործվում էին աշխարհով մեկ»,-ասաց նա՝ ընդգծելով բանակցային գործընթացների կարևորությունը:
Ինչ վերաբերում է Արևմուտքի պահվածքին, Ուկրաինայի իշխանությունների որակմամբ՝ իրենց մենակ թողնելուն, Հարությունյանն ասաց. «Արևմուտքի պլաններում Ուկրաինայի հետ համատեղ այդ երկրին օգնելու հաշվարկներ չեն եղել: Իմ հաշվարկներով, 60 մլրդ են ծախսել ուկրաինական գունավոր հեղափոխությունների վրա, յուրաքանչյուր ուկրաինացու վրա ծախսել են 1500 դոլար: Կա աշխարհաքաղաքական առումով «սև խոռոչ» ձևավորելու հասկացություն, և այս ամենը հենց այդ տրամաբանության մեջ է: Այս ամենը կառավարվող քաոսի տեսության մեջ է մտնում: Այդ «սև խոռոչը» միշտ խոսակցություններին, տեղեկատվական պատերազմներին տեղի է տալու, միևնույն ժամանակ ոչ մի զինվոր չեն ուղարկելու, որ հանկարծ այնտեղ չզոհվեն: Այնպես որ, ամեն ինչ կատարվում է նոտաներով, նախապես գծված պլանով ու, ցավոք, բերում ծանր հետևանքների»:
Գագիկ Հարությունյանը շեշտեց՝ կառավարվող քաոսը գործում է նաև Հայաստանում. «Հայաստանը ևս յուրահատուկ «սև խոռոչ» է դառնում: Ե՛վ Զելենսկին, և՛ Փաշինյանը աշխարհաքաղաքական առումով նույն կերպարներն են, որոնք ստեղծվել են գունավոր հեղափոխությունների ռազմավարության ենթատեքստում»:
Այս համատեքստում, մեր զրուցակցի դիտարկմամբ, սակայն, Ռուսաստանը փայլուն չի տիրապետում փափուկ ուժի ռազմավարությանը. «Իրենք ասում են, որ իրենց միակ դաշնակիցը իրենց բանակն ու նավատորմն են: Եվ այս իմաստով ՌԴ-ն կարողացավ իր բանակի միջոցով փրկել օսերին, աբխազներին, տվեց նրանց ինքնորոշման իրավունք, փրկեց կոտորումից: Նույնը մի փոքր այլ խմբագրությամբ կատարվեց նաև Հայաստանում: Եթե խաղաղապահները չմտնեին Արցախ, այժմ ոչ թե կվիրավորվեինք այն հանգամանքից, որ, այսպես կոչված, մեր ղեկավարները մոռանում են Արցախի ինքնորոշման խնդրի մասին, այլ ընդհանրապես Արցախը չէր լինի: Նույնը կատարվում է Ուկրաինայում. Դոնեցկում ու Լուգանսկում ինքնորոշման իրավունքի խնդիր կա: Այստեղ ՌԴ-ն կատարում է իր նույն առաքելությունը, ինչ Վրաստանում, Հայաստանում»:
Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանն այս լարվածության ֆոնին, նա նշեց. «Իրականում Հայաստանի կեցվածքը ոչինչ չի որոշում, որևիցե քաղաքական նշանակություն չունեն այս կամ խոսքերը, որոնք կասվեն Հայաստանից»:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում