«Մեզ ֆիզիկոսներ շատ են պետք». ֆիզիկայի ֆակուլտետը փորձում է վերականգնել գիտության հանդեպ հետաքրքրությունը. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Բնագիտական գիտությունները և հատկապես ֆիզիկան մեր երկրում զարգացման կայուն ավանդույթներ են ունեցել, բայց հատկապես անկախության տարիներից հետո նկատվեց հետաքրքրության պակաս դրանց նկատմամբ: Հանրակրթական դպրոցներում կա ուսուցիչների պակաս, ֆակուլտետ ընդունվողների թիվը սակավ է: Պրոֆեսոր, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը սրա հիմնական պատճառը համարում է շուկայական հարաբերությունները:
«Ուսուցչի աշխատավարձը քիչ է, ցավալի է, որ ոստիկանն ավելի շատ աշխատավարձ է ստանում, քան երկրի ապագան կերտող ուսուցիչը: Դեռ տարիներ առաջ եմ ասել, որ նա պետք է համալսարանի պրոֆեսորից բարձր աշխատավարձ ստանա: Գիտնականի աշխատավարձը քիչ էր, հիմա աստիճանաբար ավելանում է: Դրամաշնորհներ են հայտարարվում երիտասարդ գիտնականների համար, ինչը ոգևորող գործոն է, չանտեսենք նաև դրական փոփոխությունները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:
Ֆիզիկայի ֆակուլտետը որոշել է իրեն հասու տարբերակներով վերադարձնել հետաքրքրությունը ֆիզիկայի նկատմամբ:
«Երբ դեկան դարձա, իմ նպատակն էր, որ մեր ուսանողների թիվը շատանա: Բացի դա, առաջնային խնդիր է ֆակուլտետի երիտասարդացումը: Մեր ցանկացած ծրագրի ու նախաձեռնության հիմքում այս երկու նպատակն է: Ամբողջ աշխարհում առաջադեմ, հզոր և ուժեղ են այն երկրները, որոնք լավ տիրապետում են նորագույն տեխնոլոգիաներին: Հայաստանը, որն ունի պատերազմի ու պաշտպանության խնդիրներ, պետք է լինի տեխնոլոգիապես զարգացած երկիր: Եթե ցանկանում ենք նման երկիր դառնալ, ապա բոլոր տեխնոլոգիաների հիմքում ֆիզիկան է: Մեզ ֆիզիկոսներ շատ են պետք: Ուստի որոշեցինք ամեն ինչ սկսել դպրոցից, սեր առաջացնել երեխաների մոտ: Նրանք պետք է տեսնեն, թե ֆիզիկան որքան կարևոր է, եթե դժվարություններ ունեն, ապա հաղթահարեն դրանք:
Կազմակերպեցինք անվճար պարապմունքներ մի քանի ձևաչափով: Մեկը 7-10-րդ դասարանցիների համար` հեռավար և առկա տարբերակներով: Իհարկե, իդեալական տարբերակը կլիներ, եթե առանձին պարապմունքներ լինեին 7-րդ, 8-րդ դասարանցիների համար և այսպես շարունակ, բայց ունենք ռեսուրսների խնդիր, բացի դա, մեր դասախոսները կամավորական հիմունքներով են պարապում: Բայց կարծում եմ, որ տարեցտարի տարբերակներ կգտնենք այս խնդիրները լուծելու համար: Հաջորդը կազմակերպվում են երկու ֆորմատով դասընթացներ 11-12-րդ դասարանցիների համար: Մեկի դեպքում դասերն անցնում են մեր ֆակուլտետում` հեռավար տարբերակով: Մյուս դասընթացը կազմակերպվում է ֆիզիկայի ֆակուլտետի աստղադիտարանում` առկա տարբերակով:
Դասախոսն Աշոտ Մելքոնյանն է, որի մեթոդները մի քիչ տարբերվում են ավանդական մեթոդներից, երեխաները շատ գոհ են, ակտիվորեն մասնակցում են դասընթացներին: Սրանք բոլորն անվճար պարապմունքներ են: Ուրախ եմ, որ դասընթացների մասնակիցները Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից են: Առայժմ մասնակիցների քանակը շատ չէ, քիչ էլ չեն, բայց հույս ունեմ, որ այս թվերը տարեցտարի աճելու են»,-նշում է մեր զրուցակիցը:
Սա միակ ծրագիրը չէ, որ կյանքի է կոչում ֆակուլտետը: Հաջորդ գաղափարը «եկել է» արտերկրի գործընկերներից: Կազմակերպում են օնլայն հանդիպումներ` «Զրույցներ գիտնականի հետ»: «Նրանք արտասահմանում աշխատող հայ ֆիզիկոս-գիտնականներ են: Ներկայացնում են իրենց գործունեությունը, պատմում են այդ մասին պարզագույն լեզվով, որպեսզի դպրոցականին հասու լինի: Ունեցել ենք նաև զրույցներ ոլորտային այլ գիտնականների հետ: Այս ամենը ծառայում է մեկ նպատակի` հենց փոքրուց երեխաների մոտ պետք է սեր առաջացնել ֆիզիկայի հանդեպ: Նման հանդիպումները, քննարկումները վաղը վստահաբար արդյունքներ են տալու»,-ընդգծում է ֆակուլտետի դեկանը:
Ի դեպ, այս հանդիպումների շրջանակում առաջիկայում ինքն է երեխաներին պատմելու ֆակուլտետի, դրա նորությունների մասին, իսկ երկու շաբաթ հետո Երևանի Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա հիմնադրամի տնօրեն Անի Ապրահամյանը խոսելու է Ֆիզիկայի ինստիտուտի և ազգային լաբորատորիաների դերի մասին: «Անասելի կարևորում եմ այն, որ սփյուռքահայը գալիս է Հայաստան և ցանկանում է մեր երկրի համար ինչոր բան անել: Իրեն պետք է ամեն կերպ աջակցել»,-հավելում է մեր զրուցակիցը:
Անցած տարի, օրինակ` ամբողջ աշխարհով մեկ բացվել է ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտների և ընկերների միություն: Յուրաքանչյուր անդամ իր ֆինանսական ներդրումը կունենա միության մեջ: Արդյունքում գոյացած միջոցներով կկարողանան ուսանողներին լրացուցիչ կրթաթոշակներ տալ, ֆինանսական միջոցների շատ լինելու դեպքում կթարմացնեն սարքավորումների բազան:
«Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արեգ Դանագուլ յանը, որը տարեկան մի քանի անգամ գալիս է Հայաստան, այստեղ ելույթներ ունենում, ծրագրեր իրականացնում ու Մայամիից պրոֆեսոր Միսաք Սարգսյանը հիմնել են հիմնադրամ` ֆիզիկային օգնելու համար: «Արդեն երեք հոգի հաղթել է դրամաշնորհ, արդյունքում ամսական 100 դոլար են ստանալու` որպես լավ ուսանողներ, նրանք պետք է կապ պահեն իրենց մենթորի հետ, գիտական թեմաներ քննարկեն և այլն: Երկու հոգի էլ Ֆիզիկայի ինստիտուտից ամսական 300 դոլար շահել են` որպես երիտասարդներ գիտությամբ զբաղվելու համար: Սրանք լրացուցիչ շահագրգռող տարբերակներ են երիտասարդների համար, որպեսզի նրանք շարունակեն գիտությամբ զբաղվել: Հույս ունենք, որ կրթաթոշակ ստացող երիտասարդների թիվը տարեցտարի կավելանա»,-ընդգծում է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկանը:
Իսկ ի՞նչ է արվում Հայաստանից գիտնականների հոսքն արտերկիր կանխելու համար: Հակոբյանի դիտարկմամբ` այս առումով մեծ տեղաշարժ չկա: «Բայց սրան զուգահեռ ինձ հաճելի է, որ թեկուզ քիչ քանակով, բայց գիտնականների հակառակ հոսք կա դեպի Հայաստան: Օրինակ` երիտասարդ գիտնական Մուշեղ Ռաֆայել յանը մեկուկես տարի է, ինչ վերադարձել է Հայաստան: Մեկ տարվա մեջ շահել է 4-5 տեղական դրամաշնորհ, բացել է սեփական լաբորատորիա, որտեղ 10-ից ավելի երիտասարդներ հավաքվել են իր շուրջը: Հպարտանում ենք այդ փաստով, աջակցում հնարավոր ամեն ինչով: Ավաղ, նման օրինակները քիչ են»,-ասում է Հակոբյանը:
Ֆակուլտետի երիտասարդացումը, ըստ դեկանի, բավականին դանդաղ է ընթանում: «Հաշվի առնելով տարբեր երկրների փորձը, սերնդափոխությունը ցանկանում եմ այլ ֆորմատով իրականացնել: Ուզում եմ, որ հրավիրված երիտասարդ դասախոսները շատ լինեն: Այս կերպ նախ երիտասարդացնում ես ֆակուլտետը, բացի դա, երիտասարդների հետ կապը պահպանելը շատ կարևոր է: Նրանց հետ աշխատանքի արդյունքում նաև սեփական գիտելիքներդ ես թարմացնում»,եզրափակում է Ռաֆիկ Հակոբյանը:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում