Հատուկ գործողությունը ցույց տվեց թուրքական ԱԹՍ-ների անարդյունավետությունը. «Փաստ»
International news«Փաստ» օրաթերթը գրում է
riafan.ru–ն «Դոնբասում ռուսական հատուկ գործողությունը ցույց տվեց թուրքական Բայրաքթար անօդաչու թռչող սարքերի անարդյունավետությունը» վերնագրով հոդվածում գրում է, որ Անկարան լուրջ արշավ է իրականացրել իր Բայրաքթար անօդաչու թռչող սարքերն աշխարհում հանրահռչակելու համար՝ Սիրիայում և Լիբիայում դրանց օգտագործմամբ։ Բայց դրանք առանձնահատուկ հաջողություն են ունեցել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ։ Այստեղ հարկ է նշել, որ, չնայած բուն պատերազմի ելքին, հայկական կողմի կորուստների միակ պատճառը Բաքվին մատակարարվող թուրքական անօդաչու թռչող սարքերի կիրառումը չի եղել։ Հիմնական պատճառները, որոնք հանգեցրել են Երևանի ռազմական պարտությանը, եղել են Հայաստանի ղեկավարության անվճռականությունը, հրամանատարության կողմից դավաճանությունը և հակառակորդին թերագնահատելը։
Միևնույն ժամանակ, կարելի է նշել, որ, օրինակ՝ իսրայելական խոյահարող անօդաչուները շատ ավելի մեծ արդյունավետություն են ցուցաբերել։ Սակայն դրանք այնքան ակտիվ չեն գովազդվել, որքան թուրքական անօդաչու թռչող սարքերը։ Եվ Անկարայի խաղադրույքն աշխատել է: Պատերազմից հետո Թուրքիան սկսել է իր անօդաչու սարքերը մատակարարել Ուկրաինային, Լեհաստանին, Քաթարին, Թուրքմենստանին, Մարոկկոյին, Թունիսին և Ղրղզստանին։ Սակայն Դոնբասի պաշտպանության՝ ռուսական օպերացիայի մեկնարկին թուրքական անօդաչու թռչող սարքերը գրեթե չեն դրսևորել իրենց։ Առաջին իսկ ժամերին չորս Բայրաքթար է վերացվել օդում, դրանց որոշակի քանակ (չճշտված) ոչնչացվել է գետնին։ Երկրորդ և երրորդ օրերին Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ևս չորս նման մեքենա։ Հարկ է նշել, որ այդ անօդաչու համալիրի մեկ արտահանման հավաքածուն (ներառյալ կառավարման կայանը և օպերատորների պատրաստման ծրագիրը) արժե մոտ 70 մլն դոլար։
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի գրեթե ողջ մարտական հզորության կորստի ֆոնին թուրքերի համար հարցեր են առաջացել։ Դրանց օգտագործման գովերգումների բացակայությունը գրեթե թաղում է Բայրաքթար TB2-ի «ամենազորության» փիառ-արշավը: Այդ իսկ պատճառով Թուրքիան սկսել է նոր մատակարարումներ իրականացնել Ուկրաինա։ Մասնավորապես, թուրքական ռազմաօդային ուժերի A-400 M ռազմատրանսպորտային ինքնաթիռները օրական երկուսից հինգ թռիչք են իրականացնում դեպի Ուկրաինա և Լեհաստան։ Շատ հավանական է, որ այդ ինքնաթիռները նոր անօդաչու սարքեր են տեղափոխում, ինչպես նաև թուրքամետ գրոհայիններ Սիրիայից։
Այսինքն, Թուրքիան իր անօդաչու թռչող սարքերի հեղինակությունը պահպանելու համար ստիպված է Կիևին մատակարարել ինչպես նոր անօդաչու թռչող սարքեր (ի վերջո, հները չկան), այնպես էլ վարժեցված վարձկաններ։ Սակայն, հաշվի առնելով ռուս զինվորականների գործողությունների արդյունավետությունը, կարելի է ասել, որ Անկարան ստիպված կլինի բազմաթիվ անգամներ նման բեռներ ուղարկել Ուկրաինա։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում