«Կառավարումը մակերեսային է, պրոֆեսիոնալիզմ չկա. ՀՀ-ի համար ռիսկերն ավելի մեծ կարող են լինել». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Ռուբլու շարունակական արժեզրկումը կարճաժամկետ առումով էական և բացասական ազդեցություն կունենա և արդեն ունենում է Հայաստանի համար: Երկարաժամկետ հատվածում հնարավոր ազդեցության մասին դեռ վաղ է խոսել: Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Հայաստանի արժութային շուկայում ռուբլու փոխարժեքի էական արժեզրկմանը:
Մինչ բուն ազդեցություններին անդրադառնալը՝ տնտեսագետը նշեց. «Կարծում եմ՝ ռուսները մինչ հակամարտությունը գնահատել են նաև տնտեսական հնարավոր կորուստները: Ես ուզում եմ մտածել, որ շուտափույթ կամ հնարավորինս արագ այս վիճակից դուրս գալու սխեմաներ ևս ունեն: Եթե հաջողվի, ինչի հավանականությունը, ըստ իս, կա, ապա Հայաստանին համապատասխանաբար սպասվող վնասը ևս որոշակիորեն կչեզոքանա: Բայց այսօր մեզ համար վիճակն այնքան էլ լավ չէ՝ պայմանավորված հենց միայն ռուբլու արժեզրկմամբ: Մեծ հաշվով, գրեթե 3 մլն հայրենակից ունենք, որոնք աշխատում են Ռուսաստանում: Եթե նրանք մինչ այս իրավիճակը, ենթադրենք, կարողանում էին որոշակի ժամանակահատվածում 1000 դոլար վաստակել, ապա արդեն ռուբլու արժեզրկման ֆոնին վաստակելու են 600 դոլար»:
Նա շեշտեց, որ սա մեծ կորուստ է հատկապես փոքր եկամուտներ և շրջանառություն ունեցող ընտանիքների համար. «Առավել ևս, սա խնդիր է հենց այն խավի համար, որոնք ՌԴ-ում աշխատելով՝ սոցիալական բնույթի հարց էին լուծում: Հիմա իրենք զրկվում են այդ հնարավորությունից»:
Վարդան Բոստանջյանը շեշտեց, որ մեր երկրի պարագայում այս հակամարտությունից բխող տնտեսական ռիսկերը կարող են ավելի մեծ լինել՝ հաշվի առնելով անհրաժեշտ կառավարման բացակայությունը:
«Ցավով եմ ասում, բայց այս հակամարտության ֆոնին ՀՀ-ն նման է տաշեղի, որն ընկել է օվկիանոսի հորձանուտի մեջ: Սա ասում եմ՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ մեր ամբողջ կառավարումը, որպես այդպիսին, շատ մակերեսային է: Գոնե այս իրավիճակում պետք է ապավինեինք մեր տնտեսական քաղաքականությանը, որ ամեն ինչ արվեր այս ամենից նվազագույն վնասներով դուրս գալու համար: Բայց՝ ոչ: Մեզ մոտ անորոշությունների մի ամբողջ համակարգ է: Այս ամենի համատեքստում կարծել, թե ամբողջ շուկայում մեկ-երկու աշխատող կարող է իրավիճակ շտկել, անհնար է: Նման իրավիճակներում ամբողջ աշխարհում ընդունված է՝ պետությունները միջամտում են, որ քաղաքացիները չհայտնվեն ավելի ծանր վիճակում: Մեզ մոտ հող են հանձնում, երկիր են հանձնում, և, ընդհանրապես, անհասկանալի է, թե ինչով են զբաղված: Բացի այս խնդիրներից, ամբողջովին բացակայում է պրոֆեսիոնալիզմը: Բավական է միայն նայել մեր երկրի ամենակարևոր ոլորտի՝ էկոնոմիկայի համար պատասխանատու անձի՝ նախարարի հայացքին, և ամեն ինչ այդ իմաստով պարզ կլինի: Նրա խոսքերից ոչինչ հասկանալ հնարավոր չէ: Եթե ոչ մի արտաքին մարտահրավեր չլիներ, միայն այդ հանգամանքը արդեն իսկ ռիսկ է»,-նշեց տնտեսագետը:
Վարդան Բոստանջյանի խոսքով, իրականում ավելի մեծ հակամարտություն է սա, որն ընթանում է ոչ թե զուտ Ուկրաինայի, այլ Արևմուտքի՝ ավելի հստակ՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև: «Եվ այս դեպքում ակնհայտ է, որ բոլոր երկրների համար տարբեր չափերի բացասական հետևանքներ են լինելու: Նույն պատժամիջոցներն ազդելու են նաև ԵՄ երկրների վրա: Որքան էլ սկզբունքներով առաջնորդվելով հարձակում գործեն ՌԴ-ի վրա, բոլոր դեպքերում, ՌԴ-ն արժեքավոր կապերի մեջ էր կարևորագույն ընկերությունների հետ: Խոսքը ոչ թե 10 կամ 100 հազար դոլարի, այլ միլիոնավոր դոլարների մասին է: Հիմա այդ պատժամիջոցները մեծապես ազդում են հենց Արևմուտքի վրա: Եթե հաշվարկենք, կարող ենք անգամ տեսնել, որ Արևմուտքի կորուստներն ավելի մեծ են լինելու, քան Ռուսաստանինը:
Որքան էլ խոշոր կազմակերպությունները պահպանեն իրենց երկրների սկզբունքները, ամեն դեպքում, նրանք զրկվում են ՌԴ-ի պես մեծ շուկայից: Ու այս տեսանկյունից արևմտյան կողմն սկսում է աստիճանաբար զգուշավոր խոսել՝ հասկանալով, որ այդ հակամարտության պարագայում ԶՈւ-տեսանկյունից ՌԴ-ն խնդիր չունի, մինչդեռ իրենք կորցնելու շատ բան ունեն: Արևմուտքը մինչ այս հեգեմոն դեր է ունեցել, և չի կարողանում համակերպվել, որ այդ դերն իր ձեռքից գնում է: Կարծում եմ, որ բոլոր դեպքերում կգա լրջանալու պահը, ու իրենք ավելի մեղմ մոտեցում հանդես կբերեն: Հակառակ պարագայում իրենք ավելի մեծ կորուստների առաջ կկանգնեն»,- եզրափակեց տնտեսագետը:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում