«Կուրծք ծեծելու փոխարեն պետք է գործով զբաղվել». կառավարությունը ձրիակերների հասարակական կազմակերպությո՞ւն է. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Կառավարության վերջին նիստին գործադիրը հաստատեց պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը, մասնավորաբար` գնաճի պայմաններում մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսը կսուբսիդավորվի կամ կփոխհատուցվի:
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը նշում է`հաջորդ տարի պարզ կլինի՝ այդ սուբսիդիաները նպատակայի՞ն էին, թե՞ ոչ: «Կառավարությունը կրկին ոչ թե գյուղացու մասին մտածեց, այլ մի խումբ ներկրողների, որոնք բիզնեսմեններ են, գյուղի հետ կապ չունեցող մարդիկ: Պետք է պարարտանյութ ներկրեն, սուբսիդիաներ ստանան և բիզնես անեն: Բազմիցս ասել ենք, որ սուբսիդիա պետք է ստանա գյուղացին` մեկ հեկտարի հաշվարկով: Էկոնոմիկայի նախարարությունը` գյուղից հեռու մի խումբ մարդկանցով, համառորեն գնում է այլ ճանապարհով` սուբսիդավորում է սերմացու և պարարտանյութեր ներկրողներին, բանկերին, որոնք գյուղացիների սուբսիդիաներով հարստանում են: Այս ամենն արվում է գյուղացու գրպանը մտնելու համար: Թող ինձ ապացուցեն, թե այդ որ ներկրողն է առանց շահույթի աշխատում գյուղացու համար: Իհարկե, պետք է սուբսիդավորվի, հաջորդ տարի կարող է դրա կարիքը չունենանք, սա կախված է գազի միջազգային գներից»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Բերբերյանը` հավելելով, որ իրենք են պարարտանյութերի սուբսիդավորման հարցը բարձրացրել, դիմել կառավարությանը, շնորհակալ են, որ հարցը քննարկվեց:
Միևնույն ժամանակ ընդգծում է` նրանք, ովքեր այդ հարցը ներկայացնում էին կառավարությանը, «գործից հեռու մարդիկ էին կամ էլ մի խումբ, որը ձեռքերը տաքացնելու նպատակ ունի»: «Ի՞նչ է նշանակում՝ մինչև երեք հեկտարը կստանա սուբսիդիա, խոսքը լավագույն դեպքում 1,5 տոննա պարարտանյութի մասին է, իսկ մնացած խոշոր ֆերմերները թող գնան, գլուխները պատերին տան: Բայց չէ՞ որ մեր ապագան, հույսը խոշորացումն է, կոոպերացիաները և խոշոր ֆերմերները: Հիմա սա ի՞նչ քաղաքականություն է, կոմունիստակա՞ն, մեր էկոնոմիկայի նախարարությունը կոմկուսի ճանապա՞րհն է ընտրել»,-նշում է մեր զրուցակիցը` ընդգծելով, որ եթե գյուղատնտեսությունն ենք խթանում, ապա պետք է խթանենք մեր բոլոր արտադրողներին: Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «ինտեսիվ գյուղատնտեսության անցնելը հրամայական է, որովհետև հին գյուղատնտեսությունից մնում է «ուրվականը», որին կենդանացնելու փորձերը ժամանակի և էներգիայի անիմաստ վատնում են»:
Բայց այստեղ հարց է առաջանում` իսկ ավանդական գյուղատնտեսությունից հրաժարվելը չի՞ հանգեցնի մեր երկրում գյուղոլորտի իսպառ ոչնչացմանը: «Վարչապետն, այո, տերմինը ճիշտ օգտագործեց, բայց ավանդական գյուղատնտեսությունը և ինտենսիվ տեխնոլոգիաները մեկը մյուսի հետ կապված բաներ են: Ավանդականը պետք է ունենաս, որ հետո անցնես ինտենսիվին: Մշակաբույսի աճեցման փորձը պետք է ունենաս, իմանաս, թե ծիրանի ծառը քանի անգամ է ջուր «ուզում»: Հպարտանում ենք, օրինակ` խաղողի մեր ազգային սորտերով, դրանք ստացել ենք ինտենսիվ սելեկցիայի ճանապարհով, այսինքն` ինտենսիվ գյուղատնտեսությամբ ստացել ենք բարձր բերքատու սորտեր: Գյուղատնտեսությունը զարգացող ուղղություն է, օր օրի նոր տեխնոլոգիաներ են հայտնվում, թունաքիմիկատներ, պարարտանյութեր, գյուղտեխնիկա, իհարկե, ոլորտը պետք է զարգանա: Գյուղացին գիտի բույսի պահման ձևը, քանի անգամ է ջրում այն, պետք է իմանա նոր պարարտանյութերի ու թունաքիմիկատների, միջատների դեմ պայքարի նոր ձևերի մասին: Խոսում ենք էկոլոգիապես մաքուր արտադրանքի մասին, դա հենց սկզբնական գյուղատնտեսությունն է, որ առանց թունաքիմիկատ և պարարտանյութ մարդիկ բերք են աճեցնում»,-ընդգծում է փորձագետը:
Վերջին օրերին շատ խոսվեց նաև հացահատիկի հնարավոր ճգնաժամի մասին` նկատի ունենալով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող ռազմական գործողությունները, Արցախից հացահատիկի ներկրման ծավալների նվազումը, երբ դրա տարածքի 75 տոկոսը 2020 թ.-ին անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ: ՀԿ-ի նախագահն ասում է` զգո՞ւմ են, որ երկու ամիս հետո հացահատիկի պակաս կլինի, ուրեմն կուրծք ծեծելու փոխարեն պետք է գործով զբաղվել:
«Կառավարությունն ինչո՞ւ է աշխատավարձ ստանում, թե՞ ձրիակերների հասարակական կազմակերպություն է, պարգևներ ստացող «պպզող-վազող» կառույց է: Նույն խնդիրն ունեցանք պարարտանյութի պարագայում: Եթե աշնանը կարող էին պարկը գնել 6000 դրամով, ապա հիմա ձեռք են բերում 17-20 հազարով: Այս մասին մտածող չի եղել»,-նշում է մեր զրուցակիցը: Տեղեկացնում է` Արցախից ներկրվող հացահատիկի ծավալը կրճատվել է մոտ 100 հազար տոննայով: «Ժամանակ է եղել, երբ ԱՄՆ-ից ենք հացահատիկ ներկրել, կա Ղազախստանը, ուղղակի այնտեղ ցորենի աղտոտվածության տոկոսը բարձր է: Որակով ռուսականն է լավը, ԱՄՆ-ինն էլ է լավը, բայց այստեղ ունենք ուրիշ խնդիր. կպչողականությունը, որը հացթուխության կամ հրուշակեղենի թխման կարևորագույն բաղադրիչն է, ցածր է: Իտալական սորտերն են լավը: Ճգնաժամ չի լինի, ուղղակի պետք է աշխատել, ճանապարհներ գտնել: Եթե կանխատեսումներ կան, որ ցորենի կարիք կունենանք, ուրեմն այսօր արդեն պետք է մտածել դրա մասին: Պետք է այն ձեռք բերենք ցորենի բորսաներից, որտեղ գինը հրապարակվում է, և այնտեղ չի կարող լինել ստվերային տնտեսություն»,-եզրափակում է Հրաչ Բերբերյանը:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում