Թուրք-ադրբեջանական նոր թակարդի ռիսկերը
AnalysisՎերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցները բավական ակտիվորեն սկսել են գեներացնել այն միտքը, թե ռուս-ուկրաինական պատերազմը և դրանից բխող ռիսկերը պետք է սթափեցնեն Հայաստանին և մղեն օր առաջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման: Ըստ ադրբեջանական վերլուծաբանների՝ հայկական կողմն այլևս չպետք է հապաղի, քանի որ, ըստ նրանց, ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում «նվաճած» արևմտյան նոր պատժամիջոցների և խնդիրների պարագայում Հայաստանին աջակցելու հարցը Ռուսաստանին որոշակի ժամանակ շատ քիչ է հետաքրքրելու:
Օրերս ադրբեջանական պարբերականներից մեկը գրել էր. «Որքան էլ տարօրինակ թվա, բայց ինչ-որ չափով տարածաշրջանային կայունությունը կախված է Հայաստանից: Ավելի ճիշտ՝ երկու հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու նրա ցանկությունից: Երևանում պետք է հասկանան՝ ինչ է տեղի ունենում աշխարհում, ինչ զարգացումներ են տարածաշրջանում, պետք է հրաժարվել ռևանշի մասին մտքերից, որոնք կհանգեցնեն տխուր հետևանքների»։
Ավելին, Բաքվում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն այս տրամաբանության մեջ ակնարկել է, թե պատրաստ են տարածաշրջանի երկրների հետ համագործակցել Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված Շուշիի հռչակագրում ներառված հարցերի տրամաբանության շրջանակում: Այստեղ բխում է, մի պարզ իրողություն. քանի որ Շուշիի հռչակագրում նաև անվտանգային խնդիրներ են ներառված, ստացվում է՝ Թուրքիան ՀԱՊԿ անդամ Հայաստանին անվտանգային երաշխիքնե՞ր է առաջարկում։
Մինչ այդ Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովն իր հերթին՝ դիմելով Հայաստանին, նշել էր, թե երկար տարիներ հայ-թուրքական սահմանը փակ է եղել, սակայն 44-օրյա պատերազմը և դրա ելքն այլ իրողություն են ստեղծել տարածաշրջանում, ուստի Հայաստանը պետք է կնքի հաշտության պայմանագիր իրենց հետ, կարգավորի հարաբերությունները հարևանների հետ՝ շեշտելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև առկա է լիարժեք կոորդինացիա:
Ի դեպ հավելենք, որ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի՝ Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումներում չի անտեսվել «Զանգեզուրի միջանցքի» հարցը՝ որպես կարևորագույն նախագիծ: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման աշխատանքները կոորդինացվում են Ադրբեջանի հետ: Եվ այդ կոորդինացումը շարունակվելու է: Կարևոր է նաև «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը»,- ընդգծել է Չավուշօղլուն:
Մնում է եզրակացնել, թե ի՞նչ նոր նախապայմաններ են մշակվում, բացի նրանցից, որի մասին բարձրաձայնվում է՝ դելիմիտացիայից մինչև Արցախից «հայկական զորքերի դուրսբերում», պարզ կդառնա, թերևս, առաջիկայում:
Հավելենք, որ ՀՀ իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, շարունակում են լռել, թեպետ, ըստ էության, նա տվել է իր համաձայնությունը Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր կնքելու հարցում: Խնդիրն այն է՝ ի՞նչ նոր զիջումներ են պահանջելու մեզանից Թուրքիան և Ադրբեջանը՝ օգտվելով ռուս-ուկրաինական ճգնաժամից:
Տիգրան Մկրտչյան