Ժողովրդավարության «բաստիոնն» այլևս անցյալում է
AnalysisՆախորդ ամիս հայտնի դարձավ, որ ամերիկյան The Heritage Foundation-ը «Տնտեսական ազատության ինդեքս-2022» զեկույցում Հայաստանը դասակարգել է 58-րդ տեղում՝ տեղեկացնելով, որ Հայաստանի ընդհանուր բալերը ցածր են տարածաշրջանի միջինից, բայց բարձր համաշխարհային միջինից: Նշենք, որ Հայաստանը նորից «չափավոր ազատ» երկրների ցանկում է, մինչդեռ ընդամենը երկու տարի առաջ՝ 2020թ. մայիսին, Նիկոլ Փաշինյանի կողմից «ժողովրդավարության բաստիոն» կոչված Հայաստանը նույն ինդեքսում 34-րդ հորիզոնականն էր զբաղեցնում: Այսինքն՝ ընդամենը ոչ լրիվ երկու տարում ՀՀ-ն իր դիրքերը զիջել է 24 հորիզոնականով:
Կարևոր է արձանագրել, որ նշյալ զեկույցում դասակարգումներն արվում են մի քանի սկզբունքների հիման վրա՝ իրավունքի գերակայություն, կառավարության միջամտության չափ, կարգավորման արդյունավետություն, ազատ շուկա։ Ի դեպ՝ իրավունքի գերակայության ոլորտում արված հետազոտության պատկերն էլ հենց դարձել է հետընթացի պատճառը. վերլուծությամբ արձանագրվում է, որ, օրինակ, «դատարանները բախվում են համակարգային քաղաքական ազդեցությունների, դատական ինստիտուտները խարխլված են անարդյունավետությամբ և համակարգային կոռուպցիայով, և չնայած իշխանության հակակոռուպցիոն ջանքերին՝ կոռուպցիան մնում է համակարգային»: Տրամաբանական է միանշանակ, որ ասվածի մասին իր պաշտոնավարման սկզբնական տարում ժամանակ առ ժամանակ «100 փաստ» հրապարակող ու իր կառավարության «հաջողության պատմությունների» մասին անդադար աղաղակող Փաշինյանը չի խոսի ու թեման կլղոզի:
Մի փոքր ավելի պարզ ներկայացնենք, թե The Heritage Foundation-ի հետազոտությունն իրենից ինչ է ներկայացնում։ Ըստ էության, կազմակերպությունը բաց տեքստով ասում է՝ Հայաստանում դատարանները համատարած գտնվում են քաղաքական ազդեցությունների տիրույթում, իսկ սա նշանակում է, որ որոշակի բացառություններով, իհարկե, բայց մեր երկրում դատարաններին ուղիղ պատվեր է իջեցվում քաղաքական իշխանությունների կողմից, անձամբ կամ միջնորդավորված, ու այդ մասին տեղյակ են միջազգային կազմակերպությունները: Նշվում է նաև, որ Հայաստանում կա համակարգային կոռուպցիա, այն Հայաստանում, որի կառավարության դե յուրե ղեկավարն ամեն պատեհ-անպատեհ առիթով գոռում էր, որ երկրում համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված: Իսկ թե ի՞նչ է նշանակում համակարգային կոռուպցիա, բոլորի համար է հասկանալի, որ դա նշանակում է՝ իշխանական ուղղահայացի վերից վար կոռումպացվածություն:
Ի դեպ՝ իշխանության գալուց 3 ամիս անց «Russia Today»-ին տված իր հարցազրույցում Փաշինյանն ասել էր՝ Հայաստանում կոռուպցիա չկա, ու հավատացրել էր՝ մեր երկրում հակակոռուպցիոն մթնոլորտը կպահպանվի: Նշենք, որ այն մասին, թե Հայաստանում կոռուպցիա կա, վերջերս հաստատել էր նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը:
Տրամաբանական է, որ ոչ մի ներդրող այս վիճակում գտնվող դատարանների պարագայում ռեսուրսներ չի ներգրավի Հայաստանում, ինչն էլ ավելի կխորացնի առանց այն էլ ճգնաժամային իրավիճակը։
Տիգրան Մկրտչյան