Կիևը չի կարող կանգնեցնել պատերազմը, եթե Մոսկվան նման ցանկություն չունի. Ուկրաինայի արտգործնախարար
International newsԿիեւը չի կարող կանգնեցնել պատերազմը, եթե Մոսկվան նման ցանկություն չունի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Անթալիայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է УНИАН-ը։
«Մենք չենք կարող կանգնեցնել պատերազմը, եթե երկիրը, որը ագրեսիա եւ հարձակում է իրականացրել, ցանկություն չունենա դա անել»,- ասել է Կուլեբան:
«Ուզում եմ եւս մեկ անգամ հաստատել, որ Ուկրաինան չի հանձնվել, չի հանձնվում եւ չի հանձնվելու։ Մենք պատրաստ ենք դիվանագիտության, փնտրում ենք դիվանագիտական լուծումներ, բայց քանի դեռ դրանք չկան, մենք անձնուրաց, զոհաբերելով ինքներս մեզ, պաշտպանելու ենք մեր հողը, մեր ժողովրդին ռուսական ագրեսիայից»,- ընդգծել է նախարարը։
Միաժամանակ, Կուլեբան հույս է հայտնել, որ այսօր առկա ձեւաչափը շարունակելի կլինի։ «Ես պատրաստ եմ դրան, եթե ռուսական կողմը պատրաստ է բովանդակային քննարկման»,- ասել է նախարարը։
Նա ընդգծել է, որ Ուկրաինային այսօր անհրաժեշտ է լուրջ եւ առարկայական խոսակցություն՝ առանց կլիշեների։