Արցախում գրանցվել է հրդեհի 2 դեպք․ պայթել են գազի բալոններ
SocietyԲնական գազի մատակարարման բացակայության պատճառով, այս օրերին ԱՀ քաղաքացիների մեծ մասը կենցաղում օգտագործում են գազի բալոններ, որոնք հրդեհավտանգության տեսակետից՝ շատ վտանգավոր են: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՆԳ նախարարությունը:
ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում արդեն գրանցվել է հրդեհի 2 դեպք, որոնց առաջացման պատճառը գազի բալոնի պայթյունն է: Բարեբախտաբար 2 դեպքում էլ լուրջ վնասներ չեն գրանցվել:
Բնակարաններում գազի բալոնի պայթյունը արտակարգ իրավիճակ է, որը կարող է հանգեցնել շատ լուրջ հետևանքների, հատկապես, եթե բալոնի մոտ այլ ապրանքներ կան:
Նման արտակարգ դրությունը կարող է հանգեցնել ոչ միայն գույքի ոչնչացման, այլև՝ խլել մարդկային կյանքեր։
Մետաղական բալոնների խնդիրն այն է, որ չափազանց դժվար է վերահսկել դրանցում գազի մակարդակը։
Պայթյունի պատճառ է նաև այն, որ բալոնում գազի հարաբերակցությունը չի համապատասխանում նորմերին։
ՆԳ նախարարությունը հորդորում է ԱՀ քաղաքացիներին՝ անցանկալի արտակարգ պատահարներից ու դեպքերից խուսափելու և դժբախտ ելքով պատահարները բացառելու նպատակով՝ խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները: