ՀՀ անհեռանկար ու չկանխատեսվող ֆինանսական հարաբերությունները
AnalysisԻնչպես և կանխատեսվում էր ռուսական ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված՝ մեր քաղաքացիների հիմնական մտահոգություններից մեկը կապված է ՌԴ-ից ստացվող մասնավոր ֆինանսական փոխանցումների հետ։ Նման մտահոգությունները, անշուշտ, անհիմն չեն, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ չնայած վերջին տարիներին ռուսական տրանսֆերտների տեսակարար կշիռը կրճատվել է, այնուհանդերձ, դրանք շարունակում են գերակշռող լինել և էական տնտեսական ու սոցիալական նշանակություն ունենալ։ Այս ֆոնին կարևոր է ընդգծել, որ միայն անցած տարի ռուսական տրանսֆերտները կազմել են ՀՀ ընդհանուր մուտքերի շուրջ 41 տոկոսը՝ ավելանալով 41 մլն դոլարով կամ գրեթե 5 տոկոսով։
Նշենք, որ այս տարվա սկզբին ևս, երբ ռուսական ռուբլին դեռ չէր հասցրել արժեզրկվել, Ռուսաստանից ստացվող ֆինանսական փոխանցումները, ոչ մեծ չափով, բայց շարունակել են ավելանալ։ Նախորդ տարվա 38,9 միլիոնի փոխարեն՝ հունվարին դրանք կազմել են 40,6 մլն դոլար։ Ռուսական շուկայից ստացվող գումարներն ավելացել են 1,7 միլիոնով։ Բայց սա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դոլարի փոխարժեքը ռուսական շուկայում տատանվում էր 73 ռուբլու սահմաններում։ Հիմա այն հասել է 105-ի։ Մի պահ նույնիսկ ավելի բարձր էր. գերազանցում էր 110 ռուբլու սահմանը։ Հավելենք, որ տարեսկզբի համեմատ ռուբլին հասցրել է արժեզրկվել գրեթե 44 տոկոսով։
Ակնհայտ է մի բան՝ այսպիսի կտրուկ արժեզրկումը չի կարող իր անմիջական ազդեցությունը չունենալ Ռուսաստանից Հայաստան փոխանցվող գումարների վրա։ Հատկապես, որ ռուբլու արժեզրկումից բացի, կան բազմաթիվ այլ գործոններ, որոնք ևս ազդում են տրանսֆերտային հոսքերի վրա։ Այդ գործոններից մեկն էլ Ռուսաստանի տնտեսական իրավիճակն է, որը գնում է վատթարացման ուղիով։ Դա նշանակում է, որ սահմանափակվելու են նաև այդ երկրում քիչ թե շատ նորմալ վարձատրվող աշխատանք գտնելու՝ մեր քաղաքացիների հնարավորությունները։ Պատահական չէ, որ այսօր արտագնա աշխատանքով ապրող բազմաթիվ քաղաքացիներ հայտնվել են անորոշության մեջ՝ վերջնականապես չհասկանալով՝ վերադառնա՞լ, թե՞ ոչ։ Գնալու դեպքում չեն ստանալու այն եկամուտները, ինչ կարող էին ստանալ մինչև վերջին իրադարձությունները, չգնալու դեպքում՝ կանգնելու են ներսում աշխատանք գտնելու փաստի առաջ։
Կասկածից վեր է, որ տնտեսական իրավիճակի վատացումն ու ռուբլու արժեզրկումն ազդելու է նաև մեր այն հայրենակիցների եկամուտների վրա, ովքեր ապրում են Ռուսաստանում և իրենց աշխատած գումարների մի մասն ուղարկում են Հայաստան՝ հարազատներին։
Սրանք այն երևացող գործոններն են, որոնք իրենց ուղղակի ազդեցությունն են թողնելու ռուսական տրանսֆերտային հոսքերի վրա։ Այդ ազդեցությունը կերևա արդեն փետրվարի մուտքերում։ Դժվար է սպասել, որ մոտակա ժամանակահատվածում տնտեսական իրավիճակն ու ֆինանսական դրությունը Ռուսաստանում կկարգավորվի։ Առավել ևս՝ անիմաստ է սպասել, որ ռուբլին կրկին կարժևորվի և կվերադառնա նախկին մակարդակին։
Ավելին՝ այս փուլում հիմնականում ռուբլու թուլացման ուղղությամբ են։ Թեև Ռուսաստանի իշխանությունները փորձում են որոշակի սահմանափակող միջոցառումներով կանխել ռուբլու հետագա արժեզրկումը, այնուհանդերձ, դրանից հազիվ թե հաջողվի խուսափել։ Մեծ հավանականությամբ, առաջիկայում ռուբլու թուլացումը դեռևս կշարունակվի։ Ռուսաստանի տնտեսության մեջ ու ֆինանսական համակարգում տարադրամային հոսքերի նկատվող նվազումը մեծացնելու է ճնշումը ռուբլու վրա։
Ըստ էության, դժվար է ասել, թե ռուբլու թուլացմամբ ու տնտեսական այլ գործոններով պայմանավորված, մինչև ո՞ւր կհասնի Ռուսաստանից Հայաստան ուղարկվող տրանսֆերտային գումարների նվազումը, առայժմ վաղ է ասել, բայց, որ դրանք առաջիկա ամիսներին էապես կրճատվելու են, կասկած չկա։ Ամենայն հավանականությամբ առաջին ծիծեռնակները կերևան փետրվարի մուտքերի վրա։ Հաջորդ ամիսներին կրճատումն ավելի կխորանա։ Դա կբերի նրան, որ Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստան ուղարկվող գումարների կշռում ավելի կնվազի։ Չնայած այդպիսի երևույթ մինչև ռուբլու արժեզրկումն էլ նշմարվում է։ Թեև հունվարին մուտքերի արձանագրված ավելացմանը, ռուսական շուկայից փոխանցումների տեսակարար կշիռը շարունակել է սեղմվել։
Տիգրան Մկրտչյան