Մեր տան աղամանն իր տեղում է՝ պահարանում․ Անահիտ Ավանեսյան
SocietyՇատ ուրախ եմ, որ նման լայն հանրային քննարկում ստացվեց: Շատ կարեւոր է քաղաքացիների վարքաբանական փոփոխությունների համար, որ այն լայն շրջանառվեց: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, լրագողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով իր աղմուկ հանած որոշմանը, որով արգելվում է սրճարաններում աղ դնել սեղանին, քանի դեռ հաճախորդը այն չի խնդրել:
«Մեր նպատակը առողջ ապրելակերպի խթանումն է, առողջ սովորությունների սերմանումն է: Որոշակի այսպիսի փոքր գործողություններով, որոնք մի շարք երկրներում փորձարարական ձեւով այսպիսի քաղաքականության ընդունումը շատ լավ արդյունքներ է տվել, մենք շարունակելու ենք տարբեր մեթոդներով մեր քաղաքացիներին իրազեկել: Այս ընթացքում շատերն են զարմացել, որ այդպիսի խնդիր կա, որ ՀՀ-ում աղի օրական չափաբաժնի կրկնակին ենք մենք օգտագործում, ինչը հանգեցնում է մի շարք հիվանդությունների սրման, հիվանդացության բեռի ավելացման: Նախագիծը քննարկման փուլում է, մենք առաջիկայում հանդիպումներ կունենանք թե ռեստորանային բիզնեսի, թե սպառողների իրավունքները պաշտպանող, թե հանրային առողջության կազմակերպությունների հետ, կփորձենք քննարկելի, ավելի լավ լուծումներ գտնել, հետո ներկայացնել կառավարությանը»,-ասաց նա:
Նախարարը հավելեց, որ իրենք շարունակելու են թե աղի կիրառման սահմանափակումը խթանելու ծրագրերը, թե ծխախոտի դեմ պայքարը. «Մարդը, շատ հաճախ չի էլ նկատում, որ օգտագոծում է չափից շատ աղ, չափից շատ շաքար եւ այլն»:
Հարցին, թե որտե՞ղ է իրենց տանն աղամանը, Ավանեսյանը պատասխանեց, որ այն իր տեղում է՝ պահարանում է, երբ պետք է լինում, հանում, օգտագործում է, լցնում ճաշի մեջ ու դնում տեղը: