Դավիթ Գալստյանի գործը մնաց իշխանության կոկորդին
AnalysisՎերաքննիչ քրեական դատարանն ազատ է արձակել զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին՝ հայտնի «Պատրոն Դավո» մականունով։ Վերջինիս փաստաբանը տեղեկացրել է, որ դատարանը Գալստյանին ազատ է արձակել 50 միլիոն գրավի դիմաց՝ բավարարելով պաշտպանների բողոքը։ Դավիթ Գալստյանը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և այլ բարձրաստիճան զինվորականների հետ մեղադրվում է անօրինական հրթիռներ մատակարարելու՝ պետությանը 4,7 միլիոն դոլարի վնաս հասցնելու մեջ։
Դատարանի վճռից անմիջապես հետո գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ Դավիթ Գալստյանն արդեն իսկ միջոցներ է ձեռնարկել մեղսագրվող հանցագործության պատճառված վնասների ամբողջ չափը՝ ավելի քան 2 միլիարդ 700 միլիոն ՀՀ դրամը վերականգնելու ուղղությամբ։ Մեղադրողները նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու դեմ չեն առարկել։
Ըստ էության, քրեական այս գործը ի սկզբանե ձախողված էր։ Թե՛ Դավիթ Գալստյանը, թե՛ Դավիթ Տոնոյանը բազմիցս նշել են, որ այն հանիրավի է, կեղծ և մշտապես պայքարելու են իրենց իրավունքների համար։ Դավիթ Գալստյանի փաստաբանն էլ է նշել, որ իրենք պատրաստ են գնել այդ իբր անորակ հրթիռները, քանի որ արտադրող երկիրը՝ Ռուսաստանը, ցանկանում է հետ գնել դրանք՝ իրենց կարիքների համար։ Իսկ Պաշտպանության նախարարությունը հրաժարվել էր այդ գործարքից՝ նշելով, որ այդ հրթիռները անհրաժեշտ են նաև Հայաստանին։ Որևէ փաստ, որ որևէ հրթիռ անորակ է, այդպես էլ չէր ներկայացվել, իսկ գլխավոր դատախազությունը ամիսներ շարունակ հրաժարվում էր փորձաքննություն անցկացնել։ Եվ այժմ Դավիթ Գալստյանը ոչ թե վերականգնել է այդ գումարը, այլ ավելի շուտ փոխանցել է պետությանը, որպեսզի կարողանա ազատության մեջ լինել և պայքարել իր իրավունքների համար։
Մինչդեռ թե՛ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը, թե՛ մյուս այլ գերատեսչություններին, այդպես էլ չի հաջողվել քավության նոխազ դարձնել Պաշտպանության նախկին նախարարին, զենքի մատակարար ընկերության ղեկավարին, և այլ անձանց այս գործով։ Նրանց գլխին, նրանց վրա գործ կարելու մեջ առաջին շահագրգիռ անձը վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն էր։ Վերջինս ամեն ինչ արեց, որպեսզի կարողանա այս անձանց վրա բարդել արցախյան 44-օրյա պատերազմում կրած պարտությունը, սակայն այդպես էլ չհաջողվեց։ Առաջիկայում Փաշինյանը փորձելու է նոր քավության նոխազներ գտնել՝ պատերազմի մեղքը նրանց վրա բարդելու համար։
Զավեն Ալեքսանյան