«Իշխանություններն ավելի բաց տեքստով են խոսում այն մասին, թե հայրենիքն ինչպես պետք է մաս-մաս վաճառեն». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Շարունակական սադրանքներին, Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն զուգահեռ՝ Ադրբեջանն օրերս հրապարակեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի իր 5 սկզբունքները։ Էրդողանը ևս հանդես եկավ հայտարարությամբ՝ հորդորելով Հայաստանին ընդունել Ադրբեջանի առաջ քաշած պայմանները: Զուգահեռ, պատասխանելով Ադրբեջանի պայմաններին, ՀՀ ԱԳՆ-ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ խաղաղության պայմանագրի հարցով բանակցություններ կազմակերպելու խնդրանքով։
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ վերոնշյալ գործընթացների առումով իրականում որևէ նոր իրողություն չկա: Նրա խոսքով, մենք այսօր ականատես ենք լինում մի գործընթացի, ինչի մասին ինքը ևս խոսում է դեռ 2018-ից: «Արդեն մի քանի տարի է՝ անդրադառնում ենք նրան, թե ինչ գործընթացների ենք մենք ականատես լինելու: Այդ ամենը հիմա պարզապես քայլ առ քայլ կատարվում է: Կարելի է դիտարկել քայլերը, հիմա կատարվող գործընթացները ու դրանից եզրակացություններ անել նաև հետագա քայլերի տեսանկյունից: Մեծ հաշվով, երկիրը ծախելու են: Հիմա երկիրն արդեն ծախում են, և այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, հենց այդ ճանապարհով գնալ է նշանակում: Հայաստանի իշխանություններն այսօր արդեն «Արցախը Ադրբեջանի կազմում լինելու գործընթացի» մասին ինչ-որ թեզեր են առաջ տանում, հայտարարություններ են անում: Կարելի է ասել՝ արդեն ավելի բաց են խոսում այդ ամենի մասին: Այսինքն, ՀՀ իշխանություններն ավելի սանձարձակ, ավելի բաց տեքստով են խոսում այն մասին, թե մեր հայրենիքն ինչպես պետք է թշնամուն մաս առ մաս վաճառեն, նվիրեն: Արդեն բացեիբաց են ցույց տալիս, թե ինչպես պետք է կատարեն թշնամու անհագուրդ ցանկությունները, ինչպես պետք է նաև դարերի ցանկությունները իրականացնեն»,-ասաց թուրքագետը:
Ինչ վերաբերում է ժողովրդի անունից խոսելու համարձակությանը, մասնավորապես, Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, թե ՀՀ բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, թուրքագետը մի քանի կողմից անդրադարձավ նշվածին: «Նախ՝ սա իրենց մշտական լոզունգն է: Մինչ այս էլ տարբեր այլ խնդիրների դեպքում ասել են՝ մանդատ ունենք, կարող ենք անել այն, ինչ ուզում ենք: Այս իմաստով հենվում են իրենց ստացած 600 հազար ձայնի վրա, իսկ մնացած 2 միլիոն 400 հազարի կարծիքն ընդհանրապես խնդիր չէ իրենց համար: Իրականում ժողովրդի մի հատվածը, իմանալով, թե իրենք ովքեր են, անտեսեցին ամեն ինչ ու վերընտրեցին նրանց: Ամբողջ աշխարհը զարմացավ մեզ վրա, թե եղածից հետո ինչպես վերընտրեցինք այս կառավարությանը: Իսկ թուրքերն ուղղակի ծիծաղում էին: Իրականում խնդիրն ավելի խորքային է: Եթե ժողովրդի ցանկությունը նման կառավարությունն է, ապա ստացավ այն՝ իր հետևանքներով: Իսկ ժողովրդի մեջ ազգը կազմող հատվածը շարունակում է տուժել: Մեր կաշվից դուրս ենք գալիս, չգիտենք՝ ինչ անել, բայց իրականում ու մեծ հաշվով անելիք չկա: Առհասարակ, այս ամենց բխող հետևանքները կանխելու քայլեր ես չեմ տեսնում»:
Թուրքագետի խոսքով, հաշվի առնելով իրավիճակը՝ իշխանություններն իրականում հիմքեր ունեն մտածելու, որ իրենց անգամ չեն խանգարելու ստորագրել նույն խաղաղության պայմանագիր կոչվածը: «Ամեն ինչ այդ ուղղությամբ է գնում և ավելի սանձարձակ, քան սկզբում էր: Սկզբում ավելի ուշադիր էին, զգույշ էին որոշ հարցերում: Հիմա արդեն զգուշավորության և ուշադիր լինելու խնդիր չկա: Իրենք ազատ ու համարձակ ասում են այն, ինչ ուզում են: Իսկ ժողովուրդը լեթարգիայի մեջ է: Հազարներով երիտասարդներ նահատակվեցին, մարդկանց մեծ մասի հետագա արձագանքը տեղի ունեցածին, մեղմ ասած, համարժեք չեղավ: Չեղան այն գործընթացները, որոնք պետք է լինեին այդ ամենից հետո: Մինչդեռ, նույն ժողովրդի մաս կազմող ձկնորսները երկու ձկան համար փողոց դուրս եկան ու ճանապարհ փակեցին: Հազարներով երիտասարդներ մահացան, այս իշխանությունը նորից վերընտրվեց: Բայց երբ նույն ժողովրդի պարարտանյութը թանկացավ, այդ նույն ժողովուրդը դուրս եկավ և ճանապարհ փակեց: Նույն տրամաբանությամբ կարող ենք այսօր Արցախում ծանր իրավիճակ տեսնել, բայց զուգահեռ իրականությունում մեկ ամբողջ շաբաթ աղամանի հարց քննարկվի»,-ասաց նա՝ շեշտելով, որ օրինակները բազմաթիվ են, իսկ հստակ կենտրոնները գիտեն, թե ինչ պետք է անել նման հասարակությունների դեպքում:
«Երևույթները պատահական չեն: Մենք իրականում գործ ունենք պրոֆեսիոնալների կողմից կազմված ծրագրի հետ: Երբեմն ժողովրդի ուշադրությունը հիմարությունների վրա շեղելու ստացված փորձեր ենք տեսնում: Երբեմն սա տարածվում է նաև ընդդիմության վրա, երբ կառավարությունն ինչ-որ բան է դաշտ գցում, և ընդդիմությունն ինքն է սկսում դրանով զբաղվել: Երբեմն ինչ-որ բանից նեղանում են, դահլիճներից դուրս են գալիս, հետո ներս են մտնում, բայց որևէ լուրջ գործողություն չկա: Ընդհանուր առմամբ, հիմնական գլոբալ խնդիրները չեն լուծվում, մինչդեռ մյուս կողմից երկիրը ձեռքից գնում է»:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում