«Բաքվում պահվող գերեվարված անձանց տեսաուղերձները Հայաստանում փոխանցվել են նրանց ընտանիքի անդամներին». Զառա Ամատունի
SocietyԿարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ փետրվարի վերջին, մարտի սկզբին են այցելել Բաքվում պահվող գերեվարված անձանց։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
«Այցի ընթացքում բոլորին հնարավորություն է տրվել նամակներ փոխանցել, տեղում կատարել հեռախոսազանգեր և տեսանկարահանել տեսաուղերձներ, որոնք այնուհետև Հայաստանում փոխանցվել են նրանց ընտանիքի անդամներին»,- նշեց Զառա Ամատունին։
Հարցին՝ գերեվարված անձանց հայրենիք վերադարձնելու հարցում որոշակի տեղաշարժ կա՞, Զառա Ամատունին պատասխանեց, որ այդ հարցի հետ կապված՝ Կարմիր խաչը հանրային հարթակում չի կարող որևէ տեղեկությունով կիսվել։
«Ուզում եմ ընդգծել, որ բանակցային գործընթացներում՝ կապված անձանց ազատ արձակման հետ, Կարմիր խաչն ընդգրկված չի լինում»,- շեշտեց Զառա Ամատունին։
Հիշեցնենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությունը չի հրապարակել հստակ թիվ, թե Բաքվում քանի հայ ռազմագերի է պահվում, նշելով, որ թվի հրապարակումը գաղտնիք է։