Ադրբեջանական ԶՈւ-երի կողմից նոր դիրքավորման արդյունքում ուղիղ նշանառության ու դիտարկման տակ է հայտնվել բնակավայրի գերեզմանատունը. ՄԻՊ
International newsՓաստահավաք աշխատանքի համար կարևոր նշանակություն են ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման հավաքագրված տեղեկությունները, քանի որ մինչև հրապարակային ահազանգերի ստացումը մեր Սյունիքի մարզային ներկայացուցիչները մշտական կապի մեջ են եղել Կապանի համայնքապետարանի, այդ թվում՝ Ներքին Հանդ վարչական ղեկավարի հետ։
Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
Փաստահավաք աշխատանքային խումբը Ներքին Հանդ բնակավայր այցի ընթացքում հանդիպել է բնակավայրի վարչական ղեկավարի և բնակիչների հետ, տեղում դիտարկել է գերեզմանատան, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի ու Շինատեղ կոչվող գյուղատեղիի հարակից տարածքները և փաստագրել է բնակիչների իրավունքների իրացման խնդիրները:
Զրույցների ու քննարկումների արդյունքում արձանագրվել է, որ Նոր Հանդի գերեզմանատան, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի և Շինատեղ կոչվող գյուղատեղիի հարակից բլրի վրա 2022 թվականի մարտի սկզբին ադրբեջանական զինված ուժերի տեղակայումը, այդ թվում՝ մի քանի վրանների տեղադրումը և իրենց դիրքերից թիկունք կառուցվող նոր ճանապարհները, նոր են։ Բնակիչները նախկինում նշված տարածքում չեն նկատել ադրբեջանական զինծառայողների կամ որևէ դիրք՝ նշելով, որ դեռ երկու ամիս առաջ այդ տեղանքից փայտ են հավաքել։ Ավելին, ըստ բնակիչների՝ ադրբեջանական զինծառայողներին առաջինը նկատել է գյուղի հովիվը։
Ստեղծված իրավիճակում կարևոր է արձանագրել, որ Ներքին Հանդ բնակավայրի բնակիչների հիմնական զբաղմունքն է անասնապահությունը և հողագործությունը:
Ադրբեջանական զինված ուժերի կողմից նոր դիրքավորման արդյունքում ուղիղ նշանառության ու դիտարկման տակ են հայտնվել բնակավայրի գերեզմանատունը, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի, եկեղեցին, ինչպես նաև գյուղի արոտավայրերի մեծ մասը՝ մոտ 50 հա, ինչպես նաև մի քանի գյուղացիների վարելահողերը և այգիները։ Անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչների համար այս իրավիճակը լրջագույն դժվարություններ է ստեղծել իրենց ապրուստը հոգալու համար։
Թեպետ գյուղում չկա խուճապային տրամադրություններ, սակայն գյուղացիներն անորոշ վիճակում են ստեղծված իրավիճակի հետ կապված:
Աշխատանքային խումբն արձանագրել է նաև, որ 2022 թվականի մարտի 16-ին Ներքին Հանդ բնակավայրում բնակիչների հետ հանդիպել են Սյունիքի մարզպետը և ՊՆ հրամանատարական կազմի ներկայացուցիչներ։ Բացի այդ, այս օրերին բնակիչների հետ պարբերաբար հանդիպումներ են իրականացրել Կապան համայնքի ղեկավարն ու նրա տեղակալները։
Շարունակությունը՝ այստեղ