Հերթական մրցանակի արժեզրկումը
AnalysisԳուցե տարօրինակ կհնչի, բայց օրերս հայտնի դարձավ, որ եվրոպացի քաղաքական գործիչներից ոմանք ցանկանում են «Խաղաղության Նոբելյան» մրցանակակիր տեսնել Վլադիմիր Զելենսկուն, ավելին, այդ առիթով պայմանավորված հատուկ կայք են բացել: Միաժամանակ դիմել են նորվեգական Նոբելյան կոմիտե թեկնածուների առաջադրման ժամկետը մինչև մարտի 31-ը երկարաձգելու խնդրանքով (ըստ երևույթին, դա արվել է, որպեսզի հասցնեն Զելենսկուն առաջադրել)։
Նշենք, որ մինչ այդ 2022-ի «Խաղաղության Նոբելյան մրցանակի» համար ավելի վաղ առաջադրվել էր 2021-ին Բելառուսի նախագահի ընտրությանը մասնակից՝ ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, բայց քանի որ Զելենսկու պատմությունն ավելի թարմ է, ապա նա էլ, ենթադրաբար, կդառնա մրցանակակիր: Ի դեպ չի բացառվում, որ Նոբելյան կոմիտեի կողմից կընդունվի սողոմոնյան որոշում, և իրար հետ առնչություն չունեցող երկու հայցվորներն էլ կդառնան մրցանակակիրներ: Եվ դրանով էլ արևմտյան աշխարհը «բարոյական ապտակ» կհասցնի թե՛ Ռուսաստանի և թե՛ Բելառուսի նախագահներին: Իսկ խաղաղության գծով Նոբելյան մրցանակաբաշխությունն էլ կվերածվի զավեշտի:
Կարևոր է արձանագրել, որ տվյալ զավեշտը միայն բելառուսական ընդդիմադիր թեկնածուով և Ուկրաինայի նախագահով չպետք է սահմանափակվի: Բոլորս ենք հիշում, որ 44-օրյա պատերազմում ադրբեջանական ագրեսիայի հաջողությունից ոգևորված նույն Զելենսկին ողջ 2021 թվականն օգտագործեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների դեմ պատերազմի նախապատրաստվելուն, ինչը ենթադրում էր ճիշտ այնպիսի ագրեսիա, ինչպիսին իրականացվեց Արցախի դեմ, իսկ միայն թուրքական բայրաքթարների գնումը դրա խորհրդանիշն էր: Դրան գումարած այլ երկրներից սպառազինության գնումը, ճիշտ այնպես, ինչպես ագրեսիա չհամարվեց Ադրբեջանի ագրեսիան, այդպիսին չէր համարվելու նաև ուկրաինական ագրեսիան: Ի դեպ, առաջին դեպքում հրթիռակոծվել, ռմբակոծվել և հրետակոծվել էին այն տարածքները, որ Իլհամը համարում էր ադրբեջանական, որոնց արդյունքում սպանվում կամ անտուն էին մնում արցախցիները, որոնց նույն Ալիևն ի դեպ ժամանակին համարում էր Ադրբեջանի քաղաքացիներ: Ըստ էության, նույնը, բնականաբար, տեղի էր ունենալու Դոնեցկի և Լուգանսկի դեպքում:
Պետք է փաստենք, որ Զելենսկու ոգևորությունը հասավ բարձրակետին՝ երբ ԱՄՆ-ի նախագահը չընդառաջեց ՌԴ նախագահի՝ երկկողմանի անվտանգության բանաձևի ընդունման առաջարկին: Դրա փոխարեն ՆԱՏՕ-ական շրջանակները Ուկրաինան կազմակերպության մեջ ներառելու խոստումներով թև տվեցին Զելենսկուն: Եվ նախքան ռուսական հատուկ ռազմական գործողությունը, ուկրաինական ահաբեկչական խմբեր «գործուղվեցին» Դոնեցկ և Լուգանսկ: Ինչպես տեսնում ենք, այդ տարածքներում կրկնվելու էր այն, ինչ իրականացվել էր 2020-ին Ադրբեջանի կողմից: Բայց, զարմանալիորեն, ի տարբերություն Զելենսկու, չգիտես ինչու, Արևմուտքը չորոշեց Ալիևին ներկայացնել Նոբելյան մրցանակի: Այս ամենը հաշվի առնելով՝ կարող ենք փաստել, որ արևմտյան քաղաքական գործիչների ուղեղի «հեռավոր» ծալքերում Իլհամն, այնուամենայնիվ, որպես ագրեսոր էր ընկալվում: Եվ, բացի դրանից, հայերի նկատմամբ էլ Արևմուտքում մրցակցություն չկար՝ ինչպես ռուսների դեպքում է: Ալիևը նաև հաջողության էր հասել և, բնականաբար, բարոյական աջակցության կարիք չուներ:
Քաղաքակիրթ Եվրոպան հերթական անգամ ապացուցում և ի ցույց բոլորի է դնում, իր իրական կերպարը, երբ բացահայտ իրականացնում է երկակի ստանդարտների հայտնի քաղաքականությունը։ Երբ մի դեպքում օրը ցերեկով ֆոսֆորների կիրառումը մարդկանց վրա, իսկ Բայրաքթարի գնումը ողջունվում է ծափերով, մյուս դեպքում՝ ռազմական օբյեկտների լիկվիդացումը դիտարկվում ագրեսիա ու հակամարդկային արարք։
Տիգրան Մկրտչյան