Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ին
International newsԱդրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան արձագանքել է Արցախի գազամատակարարման վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»։
«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մի քանի օր առաջ փորձեց միջամտել Բաքվի ներքին գործերին՝ մեկնաբանելով միջազգային կազմակերպությունների մասնակցությունը Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած միջոցառմանը, իսկ հիմա նորից փորձում է դա անել այլ թեմայով», - ասել է Աբդուլաևան: Նա նշել է, որ Հայաստանը «ապակառուցողական պահվածք է ցուցաբերում, անհիմն պնդումներ անում»։
«Մեր խորհուրդն է Հայաստանին՝ ապահովել եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների կատարումը, ներառյալ իր զինված ուժերի մնացորդների դուրսբերումը տարածաշրջանից, և դրանով իսկ նպաստել տարածաշրջանի խաղաղությանը և անվտանգությանը, չհնչեցնել անհիմն և անօրինական մեղադրանքներ», - ընդգծել է Աբդուլաևան:
Հիշեցնենք՝ մարտի 19-ին Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիան հրավիրվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին հայտնել են, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներգրավումը մարտի 18-ին Շուշի քաղաքում կազմակերպված միջոցառմանը, և այդ կապակցությամբ ներկայացվել է արտաքին գործերի նախարարության բողոքի հայտագիրը։
Երեկ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունների վերաբերյալ։ «Ադրբեջանական կողմի ակնհայտ միջամտությամբ Շուշի քաղաքի մոտակայքում՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, կրկին խափանվել է Հայաստանից բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Այսպիսով, ձյան աննախադեպ տեղումների և աննախադեպ ցրտաշունչ եղանակային պայմաններում Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 000 բնակչությունը զրկվել է կենսական անհրաժեշտ գազամատակարարումից», - ասված էր հայտարարությունում: