Երեւան–Սեւան ճանապարհը բաց է. այսօր բնակիչների հետ հանդիպում է նախատեսված
SocietyԾովագյուղի եւ Սեմյոնովկայի բնակիչները գիշերը ժամը 4–ին բացել են Երեւան–Սեւան ճանապարհը։
«Նախարարությունից մարդիկ էին եկել, պայմանավորվեցինք, որ էսօր ժամը 14։00–ին կգան համայնք, կքննարկենք հարցը։ Պահանջել ենք, որ Գնել Սանոսյանը ներկա լինի այդ հանդիպմանը»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սեմյոնովկայի վարչական ղեկավար Դավիթ Մնացականյանը։
Նշենք, որ երեկ Երեւան–Սեւան ճանապարհը փակ է ժամը 12–ից։
Գյուղացիները հանդիպում էին պահանջում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ, սակայն նա այդպես էլ օրվա ընթացքում չէր գնացել նրանց մոտ։
Բնակիչների հետ հանդիպել էր մարզպետ Կարեն Սարգսյանը, որին չէր հաջողվել գյուղացիներին համոզել ճանապարհը բացել։
Ավելի վաղ NEWS.am հայտնել էր, որ մարզպետը բնակիչներին առաջարկել է ճանապարհը բացել, երկու օր ժամանակ տալ հարցի կարգավորման համար, բայց Ծովագյուղի եւ Սեմյոնովկայի բնակիչները չեն համաձայնել։
Նշենք նաեւ, որ երեկ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Ազգային ժողովում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով բնակիչների պահանջին հորդորել էր բացել ճանապարհը։
«Հարցը ճանապարհին քննարկելու նյութ չէ, մենք առավոտյան իրենց առաջարկել ենք աշխատանքային խումբ ստեղծել եւ քննարկել հարցը»,– ասել էր Գնել Սանոսյանը։
Նախարարը նշել էր, որ համայնքներն արդեն խոշորացվել են, եւ ըստ կառավարության, «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը փոխելու կարիք չկա։
«Այս ամիսների փորձը ցույց է տալիս, որ այդ խոշոր միավորները արդարացնում են իրենց։ Ինչ վերաբերում է ծովագյուղցիների այն մտահոգությանը, թե խոշորացման արդյունքում տուժելու է իրենց համայնքը, արդարացված չէ»,– ասել էր Գնել Սանոսյանը։
Նշենք, որ այս երկու գյուղերի բնակիչները դեմ էին խոշորացմանը եւ դեկտեմբերի 5–ին տեղի ունեցած Սեւան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին չէին մասնակցել։
Բնակիչները սպասում էին Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության որոշմանը, որով պարզ կդառնա իրենց համայնքների ճակատագիրը։
Մինչդեռ նախարարությունից NEWS.am-ի հետ զրույցում նշել էին, որ այս համայնքների համար որեւէ այլընտրանքային լուծում չի քննարկվում։
«Ծովագյուղ եւ Սեմյոնովկա գյուղերը իրավաբանորեն համարվում են խոշորացված համայնքներ՝ Սեւան համայնքի կազմում, որեւէ այլընտրանքային լուծում այդ համայնքների մասով առհասարակ չի քննարկվում»,– ասել էր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։