Շաբաթ օրը Հայաստանն ինքնաթիռ կուղարկի Լիբանան՝ հումանիտար աջակցությամբ
SocietyՀայաստանից ինքնաթիռով օգնություն կուղարկվի Լիբանան։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի սկզբում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօրվա նիստը ցանկանում եմ սկսել Լիբանանի բարեկամ ժողորդին և նրա կառավարությանը սփոփանքի և զորակցության խոսքերով՝ Բեյրութում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ ՀՀ կառավարության անունից ցանկանում եմ ցավակցություն հայտնել մահացածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին։ Լիբանանը Հայաստանի ամենամոտ բարեկամների շարքում է։ Մեր երկու երկրներն ու ժողովուրդները կապված են պատմական ու մշակութային բազմաթիվ թելերով։ Բեյրութը հանդիսացել է 20-րդ դարի հայկական սփյուռքի մայրաքաղաքը։ Տասնամյակներ շարունակ Բեյրութն է եղել սփյուռքի կրոնական, քաղաքական և մշակութային կյանքի էպիկենտրոնը։ Այն առայսօր պահպանում է իր եզակի նշանակությունը և հսկայական դերակատարումը՝ որպես Մերձավոր Արևելքում հայկական ներկայության կարևոր կենտրոն»,- ասաց նա։