«Եթե ռեկտորը համարձակ չէ, այդ դեպքում ինչ ենք պահանջում դասախոսներից և ուսանողներից». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Օրերս լրատվամիջոցները գրել էին, որ մի շարք բուհեր, այդ թվում` Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, ի նշան բողոքի դուրս են եկել ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդի կազմից: Որպես պատճառ նշվում է այն, որ դեռևս 2021 թ.-ին խորհուրդը միաձայն որոշել էր, որ յուրաքանչյուր ռեկտոր խորհրդի նախագահի պաշտոնում ռոտացիոն սկզբունքով պաշտոնավարելու է 1 տարի ժամկետով:
Սակայն, ըստ տեղեկությունների, ԵՊՀ ռեկտորը ցանկանում է դառնալ խորհրդի մշտական նախագահ: Եվ մի շարք ռեկտորներ, որոնք նախորդ տարի կողմ են եղել ռոտացիայի սկզբունքով խորհրդի նախագահ նշանակելուն, վերջին նիստում փոխել են իրենց որոշումը, պարզ ասած, «փոշմանել են»: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշում է` թեմայի վերաբերյալ դեռ պաշտոնական հաղորդագրություն չկա, կան միայն լրատվամիջոցների հրապարակումները, հետևաբար` իր մեկնաբանությունը ևս լինելու է դրանց շրջանակում:
«Ակնհայտ տեսնում ենք, որ Հայաստանում բուհերի ինքնուրույնության հույսը, հերթական փորձը, ըստ էության, ձախողվեց: Հիմա վերադառնում են նախկին մոտեցումներին, երբ մասնակցում է մեկ թեկնածու, որն անպայման լինում է իշխանության կողմից հաստատում ստացած մարդ: Իմ վերլուծությունը հետևյալն է, որ այսօր մեր բուհական համակարգն ինքն էլ չի ուզում այդ ինքնավարությունն ունենալ: Ցանկանում է կառավարության հետ լավ հարաբերություններ ունենալ: Ինձ թվում է, որ այս որոշումն էլ այդ տրամաբանության շրջանակում է: Գուցե մեկ տարի առաջ որևէ միջամտություն չի եղել, և ռեկտորներն ինքնուրույն են եղել, արդյունքում կայացրել են որոշում ռոտացիոն տարբերակով ընտրել ռեկտորների խորհրդի նախագահ, ինչն, իմ կարծիքով, լավ տարբերակ է, լավ ժեստ: Բայց գուցե հիմա այլ հրահանգ է եղել վերևից, և մեծամասնությունը ենթարկվել է դրան` քվեարկելով այլ տարբերակով, իր նախորդ մոտեցմանը դեմ: Իսկ մյուս չորս ռեկտորները ցանկացել են հավատարիմ մնալ նախորդ տարի իրենց արտահայտած դիրքորոշմանը»,«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատրյանը: Նշում է, որ այս հարցերը պետք է դիտարկել մեր ընդհանուր մշակույթի տրամաբանության մեջ:
«Իմ կարծիքով, ոչ ֆորմալ առումով ռեկտորների խորհուրդը շատ կարևոր կառույց է, քանի որ տարբեր որոշումների կայացման պահին այն կարող է որոշակի դեր ունենալ: Գիտեմ, որ բազմաթիվ դեպքեր են եղել, որ այդ խորհրդի ճնշման արդյունքում օրենքների նախագծերում, տարբեր հարցերում նախարարությունը ստիպված է եղել մոտեցումներ փոխել: Այսօր կառավարության մոտ կա որոշակի վախ` կապված բուհերի հետ: Հիշում ենք, որ պատերազմից հետո մի շարք բուհեր պահանջեցին կառավարության հրաժարականը, դրա համար էլ հիմա ցանկանում են բուհերի ռեկտորների խորհուրդը վերահսկելի դարձնել: Այստեղ գործում է նաև այն հայտնի թեզը, որ մայր բուհը պետք է միշտ արտոնյալ լինի, առաջինը լինի, բայց կարծում եմ, որ հատկապես այս դեպքում դա այդքան էլ կարևոր բան չէ»,-նշում է մեր զրուցակիցը:
Խաչատրյանի խոսքով, ինքը կցանկանար, որ մեր բոլոր բուհերը հավասար և համագործակցային հարաբերություններ ունենային: «Երբ նայում ենք մեր բուհերի գործունեությանը, դրանք ծայրահեղ մրցակցային են: Մեր բուհերը հիմնականում համագործակցում են միջազգային ծրագրերի շրջանակներում: Երբ չկան միջազգային ծրագրեր, իրենք մրցակից են, հակառակ դեպքում համագործակցում են: Նաև նման տարօրինակ իրավիճակ ունենք»,-ընդգծում է փորձագետը:
Վերադառնալով քվեարկությանը՝ ասում է, որ հիմնական հարցադրումները պետք է լինեն, թե ռեկտորներն ինչու այս կամ այն կերպ քվեարկեցին կամ ինչու հրաժարվեցին իրենց նախորդ որոշումից: «Դա ունի իր պատճառը: Բուհերի ռեկտորների ճնշող մեծամասնությունը չի էլ ցանկանում ինքնուրույնություն, ցանկանում են իշխանության հետ լավ հարաբերություններ ունենալ: Հիմա կարող էին հավատարիմ մնալ իրենց նախորդ տարվա որոշմանը, բայց փոխարենը կարող էին վատանալ իրենց հարաբերություններն իշխանության հետ, ուստի նրանք չեն ցանկանում խնդիրներ ստեղծել: Բայց մյուս կողմից` եթե բուհական համակարգում ռեկտորի մակարդակի մարդիկ խիզախ ու համարձակ չեն, այդ դեպքում ուսանողներից, դասախոսներից կամ ուսուցիչներից ինչ ենք պահանջում:
Բուհական համակարգում կարևոր է խիզախությունը, այսինքն` եթե հասել ես գիտության կառավարման ոլորտներում այնպիսի մակարդակի, որ քեզ ռեկտոր են ընտրել, պետք է ինքնուրույն և խիզախ կեցվածք ունենաս: Եթե չունես, ապա դոմինոյի էֆեկտով ինքնավարությունից ու խիզախությունից զրկվում են դասախոսները և ուսանողները, հաջորդիվ ուսուցիչներն ու աշակերտները: Դրանից հետո հույս ունենալ, որ մեր չափորոշիչներում գրված քննադատական մտածողությունն իրականություն կդառնա, անհույս է: Ինչ քննադատական մտածողություն, եթե բարձր մակարդակի մարդիկ չունեն այն: Ամբողջը շղթայական է, մարդիկ տեսնում են, թե ինչ է մտածում ռեկտորը, իրենք էլ են այդպես դիրքավորվում»,-եզրափակում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում