Բժշկի պատրաստած լարանները զինվորների կյանքեր են փրկել. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
Էդգար Նավասարդյանը բժիշկ-ստոմատոլոգ է: Ինչպես յուրաքանչյուր բժիշկ, նա ևս տիրապետում է առաջին բուժօգնություն ցուցաբերելու նրբություններին, բոլոր բժիշկները վերապատրաստում են անցնում` անկախ նեղ մասնագիտացումից: «Պատերազմն սկսվելուց երեք օր անց միտք առաջացավ լարան (ժգուտ) ստեղծելու: Ինքս առաջնագծում եմ ծառայել և լավ եմ պատկերացնում, թե ինչ նշանակություն կարող է ունենալ ժգուտի և մարտենսի վիրակապի առկայությունը: Դրանք կյանք են փրկում:
Ի տարբերություն հասարակ լարանի, իմ պատրաստածը թույլ է տալիս միաժամանակ ֆիքսել մեկ կամ երկու վերջույթ: Օրինակ` երբ արկը պայթում է, պարտադիր չէ, որ մարդու զարկերակը վնասված լինի, հնարավոր է՝ ուղղակի բաց կոտրվածք ունենա: Գուցե նրան տեղափոխելու ժամանակ զարկերակը վնասվի, և նա արյունահոսությունից մահանա: Իմ պատրաստած ժգուտը շատ երկար է, այն կարող է օգտագործվել և՛ որպես մարտենսի վիրակապ, և՛ որպես լարան: Այն ֆիքսում է վերջույթները ցանկացած տեղից ու ցանկացած ձևով, կարող է դրանք ֆիքսել պատգարակին, որպեսզի ապահով լինի, երբ մարդուն, օրինակ` իջեցնում են լեռներից: Այն ստանդարտ ժգուտից 3-4 անգամ ավելի երկար է: Մեկ ժգուտը կարելի է ցանկության դեպքում կտրել և դրանից ստանալ 2-3 հատ: Բացի դրանից, ավելի ճկվող է: Կարելի է ասել, որ գործ ունենք բազմաֆունկցիոնալ ժգուտի հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Էդգարը` հավելելով, որ որպես հումք օգտագործվում է հեծանիվների ներքին դողը, այսպես կոչված, «կամերը»:
Ժգուտի պատրաստումից հետո սկսել են այն ուղարկել առաջնագիծ, այս հարցում Էդգարին օգնել են ընկերները, քանի որ մեկ մարդը նման մեծածավալ աշխատանք կատարել, այն կյանքի կոչել չէր կարող անգամ ֆիզիկապես: «Շտաբը եղել է մեր բնակարանը, այն պատրաստել ենք մեր բնակարանում: Մեկը կտրում էր, մյուսը՝ լվանում, մեկ ուրիշը՝ փաթաթում, և այսպես շարունակ: Մենք թիմ էինք, որը կազմված էր իմ բժիշկ և հեծանվորդ ընկերներից: Այս աշխատանքը միայնակ անելն անհնար է: Հետո ժգուտներն «ուղևորվում էին» Արցախ` կամավորների, հրամանատարների, տարբեր տեսակի կազմակերպությունների միջոցով»,-նշում է զրուցակիցս:
Էդգարի խոսքերով, այսօրվա դրությամբ արդեն 14000 ժգուտ ուղարկվել է առաջնագիծ: «Պատերազմի փաստացի ավարտից հետո մեկ օր անգամ չենք դադարել հենակետերին ժգուտ մատակարարելու գործը: Ճշտում ենք թիրախային կետերը, այն հատուկ փաթեթավորմամբ և ուղեցույցով ուղարկում: Գոնե ամեն հենակետում տասը ժգուտ պետք է լինի: Այսօր արդեն դրանք հատուկ փաթեթավորում ունեն, իրենց համար նախատեսված տարաների մեջ են պահվում, կարելի է դրանք պահել տասնյակ տարիներ»,-ասում է նա:
Պատերազմի օրերին արձագանքներ շատ են եղել ռազմական բժիշկներից, զինվորական հոսպիտալներից: «Մենք նաև «ժգուտիկներ» էինք պատրաստում, որոնք դաշտային հոսպիտալներում օգտագործում էին զարկերակային կամ երակային ներարկման համար: Լարանի բոլոր փորձարկումներն արել եմ իմ մարմնի վրա, կապել եմ, հասկացել, որ արդյունավետ է, ընթացքում խորհրդակցել եմ բժիշկների հետ»,-նշում է բժիշկը: Բայց տղաներին միայն լարան ուղարկելով չի սահմանափակվում Էդգարը. պատերազմի օրերին հեռադիտակներ և ռացիաներ ևս ուղարկվել են առաջնագիծ: Գործընթացը չի դադարել նաև պատերազմի ավարտից հետո: «Յուղաներկով նկարում եմ, կտավները վաճառվում են, գրեթե ողջ գումարն ուղղում եմ հեռադիտակների ձեռքբերմանը: Արդեն 79 հեռադիտակ ուղարկվել է: Սրան զուգահեռ՝ ուղարկել ենք տաք գուլպաներ և գլխարկներ, վերմակներ, անջրաթափանց հագուստ, բինտեր ու ցավազրկող դեղեր և այլն: Կապի մեջ ենք բոլորի հետ, քանի որ մեր ֆինանսական միջոցները շատ չեն, ուստի կապը պահելով՝ պարզում ենք, թե ինչի անհրաժեշտություն կա, և կոնկրետ դա ուղարկում»,-ասում է զրուցակիցս:
Իսկ կատարված կարևոր «աշխատանքի» արդյունքն, իհարկե, տղաների փրկված կյանքերն են: «Շատ տղաներ են փրկվել, խոսք ու զրույցի ընթացքում պարզել ենք, որ հենց մեր պատրաստած ժգուտն է իրենց կյանքը փրկել: Մեկը պատմում էր` արկը պայթեց, զգացի, որ ձեռքս տաք ու թաց է, տղաներից մեկն ասաց՝ ոտքիդ նայի, տեսանք՝ արյունը հոսում է, ժգուտը կապեցինք, արյունը դադարեց, փրկվեցի: Ինքը ոտնակով էր քայլում: Պատմում էին, որ Արցախում դեպքեր են եղել, որ մեկի ոտքը, մյուսի ձեռքը կտրվել է, բայց ժգուտը փրկել է իրենց կյանքը: Կարևորը դա է: Մարդիկ ապրում են, ստեղծագործում, աշխատում, երեխաներ ունենում, մեր երկրին օգուտ տալիս, անդամահատված ձեռքը կամ ոտքը խոչընդոտ չէ նրանց համար»,-եզրափակում է Էդգարը:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում