Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ Երևանի քաղաքապետը հյուրընկալել է ոլորտի մի շարք գործիչների
CultureԹատրոնի համաշխարհային օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է ոլորտի մի շարք գործիչների: Շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նվիրված աշխատանքի համար:
«Ձեր ներկայացումների միջոցով դուք հանդիսատեսին փոխանցում եք ոչ միայն սեր ու ջերմություն, այլև ձևավորում եք մեր վաղվա քաղաքացուն, կազմավորում նրանց աշխարհայացքը: Ցավոք, վերջին երեք տարիներն իրենց հետքը թողեցին նաև այս ոլորտում:
Վստահեցնում եմ, որ համայնքն ամեն ինչ անելու է նոր ծրագրերով հանդես գալու և մայրաքաղաքի մշակութային կյանքն աշխուժացնելու նպատակով»,- նշել է քաղաքապետը:
Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ, թատերարվեստի բնագավառում ներդրած զգալի ավանդի ու բարձր վարպետության համար Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Մարությանն ու Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ռեժիսոր Անուշ Սարգսյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով, իսկ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Արաքսյա Մելիքյանը և Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի դերասան Գեորգի Հովակիմյանը պարգևատրվել են «Էրեբունի-Երևան 2800»-ամյակի հուշամեդալով:
Թատերարվեստի մի շարք գործիչներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի: