ԱԱ. Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը 14-րդն է
SportՖրանսիայի Մոնպելյե քաղաքում ավարտված գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Պրուքս Սենեկալը 14-րդ տեղը գրավեցին պարային զույգերի պայքարում:
Ազատ ծրագրում (տեսանյութ) Հայաստանի պարային զույգը վաստակեց 101.82 միավոր՝ գրավելով 13-րդ տեղը: Երկու մրցումային օրվա արդյունքում Պեկին-2022 ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակիցները վաստակեցին 170.32 միավոր եւ գրավեցին 14-րդ տեղը: Կարճ ծրագրում Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը 68.50 միավորով 14-րդն էին:
Չեմպիոնի տիտղոսը նվաճեցին Ֆրանսիայի ներկայացուցիչներ Գաբրիելա Պապադակիսն ու Գիյոմ Սիզերոնը` երկու մրցումային օրվա արդյունքում վաստակելով 229.82 միավոր, որը համաշխարհային ռեկորդ է: Նախորդ ռեկորդը եւս պատկանում էր նրանց՝ 226.98, որը սահմանել էին Պեկին-2022 ձմեռային Օլիմպիական խաղերում:
Ֆրանսիան ներկայացնող զույգն առանձին աշխարհի ռեկորդ սահմանեց նաեւ ազատ ծրագրում 137.09 միավորով: Նախորդ ռեկորդը, որը նրանք սահմանել էին ազատ ծրագում, 136.58 միավոր էր:
Գեղասահքի աշխարհի առաջնության պարային զույգերի պայքարում արծաթե մեդալ նվաճեց ԱՄՆ ներկայացնող Մեդիսոն Հաբելն ու Զաքարի Դոնոհյու զույգը , բրոնզե մեդալակիր՝ ԱՄՆ ներկայացուցիչ Մեդիսոն Չոք-Իվան Բեյթս զույգը:
Նշենք, որ աշխարհի առաջնությանը մասնակցության իրավունքից զրկվել էին Պեկին-2022 ձմեռային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոններ, ռուսաստանցիներ Վիկտորյա Սինիցինան ու Նիկիտա Կացալապովը:
Եզրափակիչ դուրս եկած ուկրաինացիներ Ալեքսանդրա Նազարովա- Մակսիմ Նիկիտին զույգը չմասնակցեց ազատ ծրագրին:
Ազատ ծրագրին մասնակցելու իրավունք էր ստացել 20 զույգ։