«Աղքատության մակարդակը կարող է բարձրանալ. շղթայական ռեակցիայով բացասական ազդեցություն ենք տեսնելու». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Հայաստանում սոցիալական ու տնտեսական իրավիճակը շարունակում է վատանալ, բայց կառավարությունում հայտարարում են, որ համաշխարհային իրողությունների ֆոնին մեզ մոտ վիճակն այդքան էլ վատ չէ:
Անդրադառնալով վերոնշյալին՝ «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը նախ հռետորական հարց է տալիս. «Իսկ երբ այլ երկրներում շատ լավ էր, մեզ մոտ ինչո՞ւ լավ չէր: Իրականում այլ երկրների հետ համեմատություններն ուղղակի անլուրջ մեկնաբանություններ են մեր կառավարության ներկայացուցիչների կողմից: Մեր տնտեսությունն իրականում չի փոխվել, վատ վիճակում է: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, կարճաժամկետում որոշակի դրական սպասումներ կարող ենք ունենալ: Եթե, իհարկե, ճիշտ դիրքավորվենք, հետագայում ևս կարող ենք դիվիդենտներ քաղել այդ իրողությունից: Մինչդեռ այս պահին դեռևս ճիշտ չենք դիրքավորվում, ճիշտ չենք աշխատում: Պատրաստ չենք նաև ներդրումներին, պատրաստ չենք անգամ ՌԴ-ից տեղափոխվող բիզնեսի տեղակայմանը Հայաստանում: Բացի այդ, կան շատ անորոշություններ՝ կապված փոխանցումների հետ: Հարց է նաև, թե հետագայում ճիշտ չաշխատելու հետևանքով Հայաստանն արդյոք կմտնի՞ պատժամիջոցների տակ, թե՞ ոչ: Ամեն ինչ այս պահին բարձիթողի վիճակում է»:
Ն. Սարգսյանը շեշտեց՝ ներկայիս դրությամբ դժվար է կանխատեսել, թե ապագան ինչպիսին կլինի: «Այն նախ կախված է աշխարհում հնարավոր քաղաքական որոշումներից, վերադասավորումներից, ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ժամկետից և այլն: Բազմաթիվ հանգամանքներ կան, որոնք ուղիղ ազդեցություն են ունենալու աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության վրա: Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարությունն ի վիճակի չէ հաշվարկներ իրականացնել: Եթե այսօր ունենք որևէ դրական դինամիկա, ապա կառավարությունն իրավունք չունի արդյունքն իրեն վերագրել: Մեր կառավարությունը, օրինակ՝ բիզնեսների տեղափոխմանն ուղղված քայլերի հաջորդականություն կամ հակաճգնաժամային որևէ պատրաստ ծրագիր չունի»,-ասաց նա՝ շեշտելով, որ այն, ինչ տեսնում են հատկապես ՌԴ-ից բիզնեսների տեղափոխման առումով, իներցիոն բնույթի է:
Նրա խոսքով, իրականում կառավարությունը ոչ թե պետք է հայտարարություններ անի, այլ պետք է գործի, որովհետև շատ դեպքերում հայտարարությունները կարող են վնասել հենց հայ-ռուսական, ՀայաստանԱրևմուտք հարաբերություններին: Անդրադառնալով շարունակական գնաճին՝ նա մի քանի հանգամանք առանձնացրեց. «Սովորաբար նման վիճակում սպեկուլ յանտները միշտ գլուխ են բարձրացնում: Սպեկուլ յացիա է տեղի ունենում և՛ ապրանքների, և՛ փողի շուկայում: Բնականաբար, սպեկուլ յացիան ուղիղ ազդեցություն է ունենում գնաճի վրա: Բայց գնաճի զսպման համար կառավարությունը պետք է աշխատանք տանի: Հիմնականում գնաճի վերահսկման ու զսպան առումով պատասխանատվություն չեն ստանձնում՝ ասելով, թե դա ԿԲ-ի սահմանադրական պարտականությունն է, ու թող այդ կառույցն էլ զսպի: ԿԲ-ն մի գործիք ունի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը, որը կիրառում է, թեպետ, ըստ իս, բավականին սխալվում է. առաջարկով պայմանավորված գնաճի պայմաններում անընդհատ փողը թանկացնելով՝ տնտեսությունն ավելի ենք տապալում: Եթե, ըստ կառավարության գնահատականների, ներմուծվող ապրանքների թանկացումներից կախված գնաճ է, ապա այստեղ վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործիքը չի աշխատի: Սա հայտնի կանոն է, ինչի մասին ԿԲ-ն գիտի, բայց փողը շարունակ թանկացնում է, ինչի հետևանքով բիզնեսի համար վարկավորումը դժվարանում է, ներդրումները նվազում են, բիզնեսի զարգացում տեղի չի ունենում»:
Ինչ վերաբերում է կառավարության քայլերին, ապա տնտեսագետը նկատում է. «Վերջերս հենց կառավարության ղեկավարը խոսեց հնարավոր վատ հետևանքների մասին: Այդ մի խոսքը բավարար էր, որ մարդիկ նետվեն խանութներ ու ինտենսիվ առևտուր անեն: Բնականաբար, բիզնեսը նման պահանջարկի դեպքում շահագրգռված էր լինելու արհեստականորեն գները բարձրացնել: Սա նորմալ կանոն է, բայց կառավարությունը պետք է ուշադիր լինի արտահայտությունների մեջ, ավելի շատ պետք է հույս տա, ապագայի հանդեպ կանխատեսելիության ու կայունության թեզերով հանդես գա: Խոսքը այս կառավարության մասին չէ, խոսքն ընդհանրապես դասական գործելաոճի մասին է: Իսկ այս կառավարությունը լրիվ հակառակն է անում և դրանով ուղիղ ազդեցություն է ունենում գնաճի վրա: Վերջին գնաճի մեծ մասը հենց կառավարության չկշռադատված հայտարարությունների ու քայլերի արդյունքն էր:Այս կառավարությունն այնքան է ստել, որ եթե անգամ ապագայի հանդեպ հույս էլ տա՝ ասի՝ լավ է լինելու, ոչ ոք չի հավատա: Ի՞նչ է անում բիզնեսը, ի՞նչ է անում ներդրողը: Օրինակ՝ նայում է կառավարության հայտարարություններին ու գործելաոճին ու, ըստ դրա, որոշում է կայացնում: Եվ երբ տեսնում է, որ կառավարությունը մշտապես այլ բան է ասում և բոլորովին այլ բան է իրականացնում, բնականաբար, լուրջ չեն վերաբերվում, չեն հավատում»:
Նրա խոսքով, եթե անգամ ասեն՝ լավ է լինելու, բիզնեսը չի արձագանքելու՝ հաշվի առնելով վստահության բացակայությունը. «Մյուս կողմից՝ երբ ասում են՝ վատ է լինելու, այդ ազդակն ընդունում է սպառողական՝ գնումներ իրականացնող հատվածը: Այստեղ բացասական ազդեցությունն ակնհայտ է լինելու. արդեն տեսնում ենք, որ շատ գնումների հետևանքով ապրանքների գներն օրվա ընթացքում մի քանի անգամ բարձրանում են: Մեծ հաշվով, պետք է տարանջատել կառավարությունների և մեր կառավարության քայլեր ասվածները: Այս պարագայում կառավարությունն ավելի լավ է լռի»:
Ըստ Նաիրի Սարգսյանի, այս փուլում գների նվազում չկա մի քանի պատճառով: «Պատճառներից մեկը կարող է լինել մարդկանց ներհոսքը Հայաստան: ՌԴ-ից մարդկանց ներհոսք կա, բնականաբար, կա նաև սպառում՝ այդ մարդիկ վճարունակ պահանջարկ ապահովող մասսա են: Երբ նման պայմաններում գները բարձրանում են, սովորաբար, դժվար են նվազում: Կնվազեն այն ժամանակ, երբ վճարունակ պահանջարկը նվազի: Այս պահին անգամ վճարունակ պահանջարկի նվազման միտում չկա, դրա համար գների նվազման մասին խոսելն այս պահին վաղ է»:
Իսկ թե այս պայմաններում ի՞նչ է սպասվում Հայաստանի բնակիչներին, որոնց մեծ մասը, ի տարբերություն ռուսների, վճարունակ չէ, նա ասաց. «Հայաստանի բնակչության կեսն աղքատ է, նրանց եկամուտները ձևավորվում են մի քանի աղբյուրներից՝ աշխատավարձ, ՌԴ-ից կամ այլ երկրներից փոխանցվող տրանսֆերտներ, որոշակի եկամուտներ՝ տուրիստական հոսքերի արդյունքում: Հիմա աշխատավարձերի բարձրացում տեղի չի ունենում, տրանֆերտները, ՌԴ-ում առկա իրավիճակով պայմանավորված, կրճատվել են, նաև ռուբլին է արժեզրկվել: Տուրիստական հոսքեր ևս չկան կամ քիչ են, հետևաբար, վերոնշյալ աղքատությունն այս ֆոնին ավելի է շատանալու: Բացի այդ, այս պահին Հայաստան են տեղափոխվում ծառայությունների ոլորտի բիզնեսները, որոնք ՀՀ բնակչության վրա այդքան էլ ազդեցություն չեն ունենալու: Այո, սա երկրի համար օգուտներ բերում է, թեկուզև արտարժույթի մուտքի տեսանկյունից, նաև որոշակի հարկային մուտքեր ապահովում է, բայց ՀՀ բնակչության վրա այս ամենն ուղիղ ազդեցություն դեռևս չի թողնելու: Օրինակ՝ նույն ՏՏ ոլորտի ներկայացուցիչներն արդեն իսկ իրենց աշխատակազմով են տեղափոխվում: Այո, սպառում իրականացնում են, բայց այս առումով մեր բնակչության համար լուրջ օգուտներ քաղելու ակնկալիք պետք չէ ունենալ: Իրականում դժվար է Ռուսաստանից գործարանը միանգամից տեղափոխել Հայաստան: Մենք չունենք արտադրական տարածքներ: Բիզնեսի տեղակայման որոշակի վայրերում չունենք էլեկտրաէներգիայի, գազի անխափան մատակարարման քանակ: Սրանք հարցեր են, որոնց ՀՀ-ն պատրաստ չէ: Այսինքն, դեռևս հնարավոր չէ իրականացնել այն բիզնեսների տեղափոխությունները, որոնք կարող են ազդեցություն ունենալ ՀՀ բնակչության կենսամակարդակի ու եկամուտների աճի վրա»:
Նաիրի Սարգսյանը շեշտեց՝ բացի նրանից, որ ստեղծված պայմաններում առաջիկայում աղքատության մակարդակը կարող է բարձրանալ, այս իրավիճակը ուղիղ ազդեցություն է թողնում նաև Հայաստանի արտահանումների վրա. «Իրավիճակն արդեն իսկ սկսել է թողնել այդ ազդեցությունը: Փոխարժեքի այսպիսի տատանումների ու փոփոխությունների պայմաններում հայկական արտադրանքը ռուսական, ԵԱՏՄ կամ համաշխարհային շուկաներում այլևս մրցունակ չեն լինելու, ինչի հետևանքով արտահանումները կրճատվելու են: Արդյունքում կրճատվելու են նաև աշխատատեղերը, աշխատավարձերը: Մեծ հաշվով, շղթայական ռեակցիայով բավականին բացասական ազդեցություն ենք տեսնելու ՀՀ տնտեսության վրա»:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում