ԿԳՄՍ-ն հոբելյանական համերգ է կազմակերպել Ռաիսա Մկրտչյանի 80-ամյակի առթիվ
Culture«Արամ Խաչատրյան» համերգասրահում մարտի 29-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա հոբելյանական համերգ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի 80-ամյակին:
Միջոցառումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի հանրային ռադիոյի և Հանրային հեռուստաընկերության աջակցությամբ:
ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հոբելյանական երեկոյի ընթացքում հանդես կգան երգչուհու ընկերներն ու աշակերտները՝ կատարողական արվեստի ավագ և երիտասարդ սերունդների վարպետներ և կոլեկտիվներ՝ Ռուբեն Մաթևոսյանը, Աննա Մայիլյանը, Արթուր Իսպիրյանը, Գեորգի Մանգասարյանը, Իրինա Զաքյանը, Նունե Եսայանը, Արմինե Սարգսյանը, Սոնա Սարգսյանը, Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան համույթը: Երեկոն կատարումներով կզարդարի նաև ինքը՝ հոբելյարը։
ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի է, «Մովսես Խորենացի» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, միջազգային մրցույթների դափնեկիր, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և «Կարոտ» միջազգային փառատոնի ոսկե մեդալակիր:
Իր ստեղծագործական կյանքի ընթացքում երգչուհին ձայնագրել է ավելի քան 400 երգ, որոնց զգալի մասը պահպանվում է Հանրային ռադիոյի և Հանրային հեռուստաընկերության ոսկե ֆոնդում։ Հարյուրավոր համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր անկյուններում։ Ելույթներ է ունեցել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա» և «Քարնեգի Հոլ», Սիդնեյի, Մոնրեալի, Բեյրութի, Բուենոս Այրեսի հայտնի դահլիճներում։