Երեք տարում հայ ֆերմերները կորցրել են 200 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն․ Հրաչ Բերբերյան
EconomicsԵրեք տարում հայ ֆերմերները կորցրել են 200 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որից 110-120 հազարը կաթնատու ցեղատեսակներ են։ Այս մասին մարտի 30-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։
Նրա խոսքով՝ կերի պակասի հետ կապված խնդիրները հանգեցրել են նրան, որ երկրում գործնականում որակյալ պանիր չի արտադրվում։
Նա պարզաբանեց, որ Արցախում պատերազմի հետեւանքով զգալի քանակությամբ անասուններ են կորել, ինչպես նաեւ խաղողի եւ նռան այգիներ ենք կորցրել։ «Նախկինում Արցախի բերքահավաքին զուգահեռ Հայաստանն իրեն հացահատիկով ապահովում էր վեց ամսով, իսկ հիմա, լավագույն դեպքում, չորս ամսով։ Հայաստանում հացահատիկի պահանջարկը կազմում է 400 հազար տոննա»,- հավելեց Բերբերյանը։
Փորձագետն ընդգծեց, որ այս տարի Հայաստանի իշխանությունը չի կարողանա արդարանալ ոռոգման ջրի պակասով։ «Եթե ՀԷԿ-ի հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ այլ խնդիրներ լուծվեն, ապա Սեւանից ջրառ կարող է ընդհանրապես չիրականացվել»,- ասաց նա։
Հրաչ Բերբերյանը տեղեկացրեց նաեւ, որ այս տարի հայ արտադրողները նախատեսում են 100 հազար տոննա կարտոֆիլ արտահանել Ռուսաստան։