«Այս իշխանությունները պարզապես չեն ցանկանում զբաղվել Արցախի հարցով». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Ադրբեջանը շարունակում է իր հայտնի հռետորաբանությամբ ու քաղաքականությամբ առաջնորդվել, տեսանք նաև նոր ներխուժում Արցախի ուղղությամբ: Հայաստանի իշխանությունները, այդուհանդերձ, հայտարարում են, որ, անկախ ամեն ինչից, չեն շեղվելու խաղաղության օրակարգից։
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալին, ասել է, որ, իր կարծիքով, ամեն բան հասկանալի է։ «Այս իշխանությունները պարզապես չեն ցանկանում զբաղվել Արցախի հարցով, պատասխանատվություն ստանձնել մեր Հայրենիքի այդ հատվածի համար։ Երբ նրանք ասում են «խաղաղության օրակարգ», նրանք նկատի ունեն բացառապես ՀՀ տարածքը։ Սա բազմիցս ապացուցված փաստ է՝ ՀՀ իշխանությունները նույնիսկ Արցախ չեն այցելում, իսկ այնտեղ տեղի ունեցող ամեն տեսակ բացասական երևույթի պարագայում բոլորին ուղղորդում են դեպի ռուս խաղաղապահներ։ Ընդ որում, այս ամենը շատ անթաքույց է արվում։ Այս իմաստով ՀՀ իշխանություններն ավելի քան անկեղծ են ժողովրդի հետ։ Այլ հարց է, որ, այսպես կոչված, «խաղաղության օրակարգը», համենայն դեպս հայ ժողովրդի համար, առանց Արցախի՝ պարզ ուտոպիա է։ Պոպուլիստական բանաձև, որը նոր պատերազմից ու նոր կորուստներից զատ ոչինչ չի կարող տալ մեր ժողովրդին»:
Այս համատեքստում դիտարկելով թշնամու վարքագիծն ու պատասխանելով հարցին՝ թշնամու ձգտումների մեջ խաղաղության նշույլ կա՞, ինչպես փորձում են նաև հայաստանյան քաղաքական դաշտում ներկայացնել, քաղաքագետը շեշտեց. «Կարծում եմ՝ այս հարցը կարելի է Փարուխի բնակիչներին ուղղել։ Կամ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի բնակիչներին։ Վստահ եմ՝ նրանք ամենաճիշտը կպատասխանեն այս հարցադրմանը»: Անդրադառնալով մի շարք իրողությունների, մասնավորապես, որ Հայաստանի իշխանությունն արդեն բացահայտ կերպով հայտարարում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում լինելու գործընթաց կարող է քննարկվել, որևէ անընդունելի դրույթ չեն տեսնում նաև Ադրբեջանի կողմից հրապարակայնացված 5 հայտնի պայմանների շուրջ, մեր զրուցակիցը նշեց նման վարքագծից բխող վտանգների մասին:
«Ակնհայտ վտանգը հայրենազրկումն ու նոր ցեղասպանությունն են։ Ու ես ոչինչ չեմ չափազանցնում։ Մենք արդեն իսկ դրա ականատեսն ենք։ Լավ նորությունը միայն այն է, որ ՀՀ իշխանությունները դա դեռ Հայաստանը չեն։ Հայաստանը շատ ավելի ընդգրկուն հասկացություն է, որտեղ իշխանություններից զատ կա նաև ժողովուրդ։ Եվ ես կարծում եմ, որ հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի մեր ժողովուրդը գնահատի իր ներսում և շուրջը ստեղծված իրավիճակը, լուծումներ գտնի և ամեն ինչ անի երկիրը փրկելու համար։ Գիտեմ՝ շատերի համար ժողովուրդ ասվածը մի քիչ վերացական է հնչում, բայց վստահեցնում եմ, որ այդպես չէ։ Ամեն ինչ շատ հստակ է և կոնկրետ։ Պարզապես պետք է մի քանի կարևոր կանոնների հետևել։ Նախ՝ չհիասթափվել, չկոտրվել ու չհանձնվել։ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է շատ լավ հասկանա, որ մեր կարողությունները շատ ավելին են, քան այն վիճակը, որում հայտնվել ենք։ Սա՝ մեկ։ Երկրորդ՝ մարդիկ պետք է հստակ պահանջ դնեն քաղաքական ուժերի, մտավորականության, կարող բոլոր շրջանակների առջև։ Եվ այդ պահանջը մեկն է՝ առկա մարտահրավերների համար քաղաքական լուծումներ գտնել։ Մեզ ոչ թե խաղաղության, այլ զարգացման ու առաջընթացի օրակարգ է պետք»,-ընդգծեց քաղաքագետը:
Քաղաքագետի հետ զրույցն ամփոփեցինք Ադրբեջանի վերջին գործողությունների մասին հարցով՝ հատկապես աշխարհաքաղաքական սրված իրավիճակում։ Նշենք՝ եղան ազդակներ հատկապես ուկրաինական կողմից. ըստ նրանց, Ռուսաստանի դեմ պայքարում նաև Արցախում «երկրորդ ճակատ» բացելը օգնություն է իրենց համար։ Հարցին՝ այս տեսանկյունից Արցախում վերջին գործողությունները զուտ Ադրբեջանի հերթական ագրեսիայի՞, թե՞ ավելի մեծ՝ աշխարհաքաղաքական իրողությունների շրջանակում են, քաղաքագետը պատասխանեց. «Աշխարհաքաղաքական գործոնն այս ամենում, իհարկե, ամենավճռորոշն է։ Ընդ որում, այդ գործընթացները սկսվել են ո՛չ երեկ, ո՛չ էլ առաջին օրը։ Դրանք նույնիսկ ավելի վաղ են մեկնարկել, քան 2020-ի 44-օրյա պատերազմն էր։ Կարծում եմ՝ կոնկրետ այս գործընթացների սկիզբ պետք է համարել 2013-ին Ուկրաինայում մեկնարկած հեղափոխական շարժումը, որի ընթացքում Մայդանով իշխանության եկան արևմտամետ ուժեր։
Եթե կհիշեք, արդեն 2014ի սկզբին իրավիճակը սրվեց նաև հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Իսկ 2014-ի օգոստոսին հակամարտող կողմերի միջև արդեն տարբեր ինտենսիվության մարտական գործողություններ էին ընթանում։ Հետո խոցվեց հայկական ուղղաթիռը, իսկ 2016-ին եղավ Ապրիլյան պատերազմը… Ի՞նչ է իրականում տեղի ունենում մեր տարածաշրջանում այս ողջ ընթացքում։ Կարծում եմ՝ այս հարցի պատասխանը հիմա արդեն շատ պարզ է՝ աշխարհում տեղի է ունենում ուժերի և ազդեցության գոտիների վերաբաշխում։ Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական այդ մրցապայքարի կարևորագույն ասպարեզներից մեկն է։ Հետևաբար, մենք մտել ենք տուրբուլենտության շրջան, որը դեռ կարող է երկար տևել։
Ցավոք, հնարավոր է ամեն ինչ։ Սա գլոբալ հակամարտություն է, որտեղ, հուսով եմ, մեր դաշնակիցներն ավելի կայուն կլինեն, քան թշնամիները։ Բայց դրա համար մենք էլ գործ ունենք անելու՝ պետք է կարողանանք զսպել թուրք-ադրբեջանական դաշինքի ախորժակը, այլ ոչ թե «խաղաղության օրակարգ» անվան տակ նրանց զիջենք մեր պաշտպանական համակարգի վերջին գործիքները»:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում