Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում հաղթանակի մասին հայտարարել մինչև մայիսի 9-ը
International newsԱմերիկյան հետախուզությունը կարծում է, որ Ռուսաստանը կցանկանա մինչև մայիսի 9-ը Դոնբասը ամբողջությամբ վերցնել վերահսկողության տակ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով հետախուզությանը ծանոթ աղբյուրներին։
Հեռուստաընկերության զրուցակիցները հիշեցրել են, որ Ռուսաստանը վերանայել է իր ռազմավարությունն Ուկրաինայի նկատմամբ և պաշտոնապես հայտարարում է, որ այժմ մտադիր է կենտրոնանալ Դոնբասի վրա։ Ուկրաինայի մնացած տարածքում ռուսական ցամաքային ուժերը «չեն կարող վերահսկողություն պահպանել այն տարածքների վրա, որտեղ կռվում են», – ասել են նրանք:
Դոնբասի դեպքում, հաղորդում է CNN-ը, Ռուսաստանն ավելի մեծ շանսեր ունի։ Աղբյուրները նշում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար կարևոր է հաջողության հասնել մինչև մայիսի 9-ը, քանի որ Հաղթանակի օրը նրա համար խորհրդանշական նշանակություն ունի:
«Պուտինը մայիսի 9-ին հաղթական շքերթ կանցկացնի՝ անկախ [ներկայիս] պատերազմի կամ խաղաղության բանակցությունների վիճակից», CNN-ին ասել է ԵՄ երկրներից մեկի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։ Նրա կարծիքով, Ռուսաստանի նախագահը պատրաստվում է երկար ու ձգձգվող պատերազմի՝ չեչենական երկու արշավների սցենարով. «Որովհետև նա ուրիշ ի՞նչ ընտրություն ունի»։