«Նույնիսկ բանտում եմ եղել՝ «կալանավորի» կարգավիճակով». Սամվել Խալաթյանի «Թագուհին» վերահրատարակվում է երրորդ անգամ. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Դրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Վանաձորի պատվավոր քաղաքաց Սամվել Խալաթյանի «Թագուհի» վիպակը վերահրատարակվում է երրորդ անգամ: Այս առիթով զրուցել ենք հեղինակի հետ:
Խալաթյանը նշում է` «Թագուհու» ծնունդը զարմանալի դիպվածով է եղել: «1991 թ.-ին՝ «ցուրտ ու մութ տարիներին», երբ Վանաձորի քաղաքային «Վերածնունդ» թերթի գլխավոր խմբագիրն էի, թերթի տպաքանակն աղետալիորեն սկսեց նվազել: Մտմտում էի մի հնար գտնել և հիշեցի, որ տարիներ առաջ կանանց ուղղիչ աշխատանքային գաղութից դատապարտյալներից մեկը նամակներ էր գրում ինձ՝ պատմելով իր կյանքի ոդիսականը, խնդրում` տպագրել թերթում: Լուրջ չէի վերաբերվում դրան, մանավանդ որ խորհրդային տարիներին հանցագործ աշխարհի մասին հոդված գրելը, մեղմ ասած, չէր խրախուսվում: Նրա նամակներին, զուտ մարդասիրական զգացումներից դրդված, պատասխանում էի: Միտք հղացավ՝ խոսքի ազատություն է տրված, չփորձե՞մ դրանք հրապարակել, գուցե հետաքրքրություն առաջացնի, և թերթի ընթերցողների թիվը պահպանվի…»,-«Փաստի» հետ զրույցում վերհիշում է զրուցակիցս:
Հետո արխիվից հանում է նամակները, բայց... «Ի հիասթափություն ինձ, դրանք մեծ մասամբ անձնական զեղումներ էին՝ իր տխուր ապրումների մասին, որոնք այնքան էլ հետաքրքիր չէին լինի ընթերցողին: Այդ նամակներից իրադարձությունների որոշ քանակ «հայթայթեցի»: Որոշեցի հանցագործ աշխարհում հայտնված, հեղինակություն վայելող, բայց մարդկային հատկությունները, ազնվությունը ներքուստ պահպանած կնոջ մասին անսպասելի սուր շրջադարձերով պատումնաշար գրել և դրանք հաջորդաբար տպագրել տարեվերջին, այն հաշվարկով, որ մի քանի հատված էլ տպագրվեր եկող տարի, և դրանով ընթերցողին մղեր բաժանորդագրվելու թերթը: Հարկ եղավ ուսումնասիրել հանցագործ աշխարհի «պատմությունը», բառապաշարը, հանդիպել, զրուցել «օրենքով գողերի» հետ:
Հերոսուհուս ապրումներն առավել կենդանի արտահայտելու համար, իմ խնդրանքով, դատախազի թույլտվությամբ, նույնիսկ բանտում եմ եղել՝ կալանավորի կարգավիճակով … Ո ւ ՝ սկսվե՜ց… Կրպակների առջև հերթեր էին գոյանում, ոմանք ուշ երեկոյան գալիս էին տպարան՝ ժամ առաջ ունենալու վաղվա թերթը… Տպաքանակն աճեց, պատումնաշարն ավարտել էր պետք, բայց խմբագրությունը հեղեղվել էր հարյուրավոր նամակներով… Գործընկերներս պնդեցին՝ «Թագուհին» շարունակել: Շարունակեցի: Մի օր էլ տպարանի էջկապ վարպետ Գառնիկն ասաց, որ «Թագուհու» ողջ շարվածքն ինքը պահել է (համակարգիչներ դեռ չկային, և թերթը ձուլածո տողերով էր տպագրվում), և առաջարկեց բրոշյուր հրատարակել: Այդպես էլ արեցինք, 5000 տպաքանակը մեկ շաբաթում սպառվեց, բայց նամակների հոսքը չէր դադարում, խնդրում էին շարունակել հերոսուհու ոդիսականի պատմությունը: Ոմանք նույնիսկ սյուժետային զարգացումներ էին թելադրում:
Տեղի տվեցի, թերթում շարունակաբար հրապարակվեց երկրորդ մասը, որը 1995 թ.-ին լույս տեսավ՝ դարձյալ առանձին գրքով: ԱՄՆ-ում ապրող ընկերծանոթներիս առաջարկով գրվեց երրորդ մասը և ամբողջական պատումը, 1000 տպաքանակով իրացվեց Լոս-Անջելեսում: Հայաստանի ընթերցողներս ընդվզեցին… և 2011 թ.-ին երեք մասը միասին այն հրատարակվեց «ՎՄՎ-պրինտ» հրատարակչության կողմից, բայց ցայսօր էլ թե՛ հրատարակչությունը, թե՛ ես բազմաթիվ առաջարկներ ենք ստանում վերահրատարակել գիրքը: Տեղի տալով՝ հրատարակչությունը նախաձեռնեց դրա երրորդ հրատարակությունը: Ինչո՞ւ է ընթերցողը նախընտրում «Թագուհին»… Երևի հանցագործ հերոսուհու աննախադեպ ճակատագրի, սուր սյուժեի, նաև՝ նրա մարդեղեն հատկությունների համար…»,-ընդգծում է Խալաթյանը:
Հավելում է՝ նախորդ հրատարակությունների հետ այն որոշ տարբերություններ ունի: «Որոշակի խմբագրումներ են եղել, և նախկինների համեմատ այն գեղեցիկ ձևավորում ունի: Գիրքն արդեն կարելի է ձեռք բերել «Բուկինիստ», «Զանգակ» գրախանութներում, շուտով հասանելի կլինի մյուս բոլոր գրախանութներում ևս»,նշում է հեղինակը:
Ուրախությամբ արձանագրում ենք, որ բազմաթիվ նոր գրքեր են լույս տեսնում, հեղինակները վերահրատարակում են նախկինում լույս տեսած իրենց գրքերը: Սրանք ընթերցողին դեպի գիրք վերադարձնելու քայլեր են: Խալաթյանը նշում է` թող անհամեստ չթվա, բայց «Թագուհու» ընթերցողը երբեք չի հեռացել գրքից, և նրան վերադարձնելու խնդիր չկա: «Ավելին, իրապես՝ տասնյակ հարյուրավորների խնդրանքով է վերահրատարակվում այն: Իսկ ինձ ավելի շատ հետաքրքրում է գիրքն առաջին անգամ ընթերցողի կարծիքն ու վերաբերմունքը: Ի վերջո, առաջին հրատարակումից 30 տարի է անցել, նոր սերունդ է եկել, նոր ճաշակով ու պահանջներով»,-ասում է դրամատուրգը:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում