Մառազմատիկ իրականություն կամ Արցախը մեսիջներ է ուղարկում
AnalysisԻնչպես հայտնի է օրերս Արցախի ԱԺ-ն ընդունել է հայտարարություն, որի ընդհանրական ձևակերպումների տակ թաքնված գլխավոր իմաստն այն է, որ Հայաստանը գործնականում հրաժարվել է Արցախի անվտանգության երաշխավորի իր պարտավորությունից։ Ըստ էության, Արցախն ընդգծում է, որ ՀՀ օրվա իշխանությունները, փաստացի, ձեռքերը լվացել են, և ամեն ինչ տեղի է ունենում զուտ իներցիայով։
Մասնավորապես հայտարարության մեջ հստակ ֆիքսված է․ «Ներկա պայմաններում ՀՀ-ի կողմից Արցախի անվտանգության երաշխավոր լինելու պարտականության ամրագրումը և համահայկական միասնության մթնոլորտի ձևավորումը միայն կարող են բավարար պայմաններ ստեղծել հայ ժողովրդի ապագան հայրենի հողում երաշխավորելու համար»։ Եթե սա դիվանագիտական լեզվից թարգմանենք պարզ հայերենի, ապա դա նշանակում է, որ ստեղծվել է իրավիճակ, երբ Հայաստանը հրաժարվել է Արցախի անվտանգության երաշխավորի իր այն պարտականությունից, որը եղել է նորանկախ պետության կարևորագույն ու առանցքային առաքելությունը։
Ըստ էության, ընդհանուր հայտարարության մեջ բավականին ուշագրավ է հատկապես վերջին ձևակերպումը, որտեղասվումէ․«Հայոց պետականության լինելիության և հայ ժողովրդի անվտանգության բանալին գտնվում է Արցախում»։Այս ձևակերպումն ուղղակի հակադարձում է հայաստանյանվարչախմբի կողմիցիշխանության գալուց ի վեր տիրաժավորվող «Արցախը խանգարում է Հայաստանի զարգացմանը» քաղաքականությանը, որը 44-օրյա պատերազմից հետո ավելի առարկայական դրսևորումներ է ստացել։ Եթե փորձենք որոշակի փակագծեր բացել, ապա միանշանակ է, որ Արցախի խորհրդարանի այս հայտարարությունն իրականում շատ բազմաշերտ ու չարագուշակ նշանակություն ունի։
Բնականաբար ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ՀՀ նորանկախ պետությունը հիմնադրվել ու կայացել է նաևԱրցախի խնդրի լուծման ալիքի հիման վրա, անկախ Հայաստանը կազմավորվել է նաև արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված հետևողական ջանքերի և, ամենակարևորը՝ Արցախի անվտանգության ապահովման առաքելության առանցքի վրա։ Հիմա, փաստորեն, Հայաստանի անկախության այս հիմնասյուները կա՛մ հիմնահատակ ավերվել են, կա՛մ ոչնչացման եզրին են։ Ի դեպ՝ Արցախից հնչող հայտարարությունը հենց այդ մասին է, բայց դա նաև այն մասին է, որ Արցախից հրաժարումով Հայաստանը ոչ միայն ավելի լավ չի ապրելու, այլ կանգնելու է ընդհուպ գոյաբանական սպառնալիքի առաջ։ Այստեղ մի պահ կանգ առնենք և նայենք ընդհանուր իրավիճակին․ ստացվումէ, որայս ամենը տեղի է ունեցել և ունենում ՀՀ իշխանության կա՛մ գիտակցված հանցավորությամբ, կա՛մ հանցավոր տգիտությամբ։
Եթե տանք ասվածի մեկ տողանոց բանաձևումը, ապա դա նշանակում է, որ Արցախի չգոյությունը, որին ձգտում է Հայաստանի իշխանությունը, նշանակում է նաև անկախ Հայաստանի չգոյություն։ Նշենք, որ ՀՀ լինելիությունը իշխանությունը զավթած խունտան պատկերացնում է առանց Արցախի, ինչը ոչ միայն ուղղակի մոլորություն է, այլ դավաճանություն՝ Արցախի ու արցախցիների նկատմամբ։
Ըստ էության, ստեղծված աշխարհաքաղաքական «ռասկլադով» Նիկոլ Փաշինյանը փորձում է իրականացնել իր դավաճանական քաղաքականության վերջին արարը՝ Ադրբեջանի հետ պատրաստվելով ստորագրել համաձայնագիր, որը Հայաստանի հրաժարումն Արցախից կամրագրի նաև դե յուրե։ Այս ամենն ամենափայլունը գիտակցում են հենց Արցախում։ Միևնույն ժամանակ՝ Արցախի քաղաքական ղեկավարությունը ևս մոլորության մեջ է այն առումով, որ խնդրում կամ պահանջում է Արցախի անվտանգության երաշխավորի պարտավորություն ամրագրել նրանցից, ովքեր իրենց գործողություններով անում են ամեն ինչ Արցախի խնդրից վերջնականապես ազատվելու համար։ Այս ամենը մենք փաստում ենք ցավով, սակայն սա է մեր մառազմատիկ իրականությունը, որի ականատեսն ենք արդեն չորս տարի։
Տիգրան Մկրտչյան