Էլեկտրոնային դեղատոմս. ինչպես է այն կիրառվելու
Society«Էլեկտրոնային դեղատոմսը բավականին հեշտացնելու է թե´ բժշկի եւ թե´ պացիենտի կողմից իրականացվող գործառույթները: Դրա օգտագործումը բացառելու է դեղատոմսի լրացման հավանական սխալները, կորցնելու տարբերակները, ավելորդ գրագրությունը, եւ, որ ամենակարեւորն է` բժշկի ձեռագրի ընթեռնելիության խնդրին եւս պացիենտները չեն բախվի»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայի վարիչի պաշտոնակատար Հեղինե Պետրոսյանը` խոսելով Կառավարության նոր որոշման մասին, ըստ որի` ՀՀ-ում առաջիկայում քաղաքացիները բժշկի կողմից նշանակված դեղերը դեղատներից կկարողանան գնել ոչ թե թղթային տարբերակով՝ դեղատոմսերի միջոցով, այլ էլեկտրոնային եղանակով: Սկզբնական շրջանում այն կվերաբերի հակաբիոտիկներին և սոցիալական խմբերին անվճար ու արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերին:
Նրա խոսքով, դեռ 2019 թվականից Կառավարության համար նման որոշումը մշտապես եղել է օրակարգային.
«Դրա ընդունումն ուշանում էր քովիդով պայմանավորված, քանի որ բոլոր ծրագրերը կառավարությունը կենտրոնացել էր դրա կանխարգելման վրա, իսկ հիմա, երբ քովիդով վարակման դեպքերը նվազել են, ժամանակն էր այս կարեւոր ծրագրի մասին մտածելու»:
Հեղինե Պետրոսյանը վստահեցնում է, որ էլեկտրոնային դեղատոմսը ոչ մի բարդություն չի ստեղծելու քաղաքացիների, հատկապես, մեծահասակերի համար, հակառակը՝ հնարավորինս հեշտացնելու է դեղերի տրամադրման ընթացքը. «Պացիենտը անձնագրով կամ նույնականացման քարտով պետք է մոտենա դեղատանը, ԱՐՄԵԴ համակարգում հավաքի իր անձնագրային տվյալները, որից հետո անմիջապես կարտացոլվեն, թե ինչ դեղեր են տվյալ անձի համար նախատեսված, դրանից հետո արդեն դեղատունը հաստատելու է եւ տրամադրելու է նրա դեղերը»:
Մասնագետը բացառեց հնարավոր տեխնիկական խնդիրները, քանի որ անձնագրային տվյալները ԱՐՄԵԴ համակարգում ներբեռնված են լինելու. այդ աշխատանքը կատարվելու է Վիզաների եւ անձնագրային վարչության հետ համատեղ. «Մենք նաեւ նախատեսում ենք որեւէ ծածկանուն մտածենք, տրամադրենք բնակչին, որ իր փոխարեն մեկ ուրիշը անվճար դեղ չստանա, այլ հենց այդ ազգանունով ինքը ստանա։ Սա դեռ քննարկման փուլում է»:
Պետրոսյանը նշեց, որ այս որոշումը կբացառի նաեւ պացիենտների համար վարվող մատյանների օգտագործումը. «Յուրաքանչյուր դեղ, որը բաց է թողնվում, գրավոր լրացվում է մատյաններում, պատկերացրեք՝ այդ մատյան հասկացողությունն էլ է դուրս գալու, որովհետեւ էլեկտրոնային է ամբողջը լինելու, այդտեղ նշվելու է, թե ինչ դեղ եք բաց թողել յուրաքանչյուր ամիս, նաեւ կարտացոլվի դեղերի քանակը եւ գումարը»:
Եզրափակելով խոսքը՝ Պետրոսյանը հույս հայտնեց, որ այս որոշումը կհաջողի, իրենք այս որոշմանը սպասել են երեք տարի:
Աննա Չիբուխչյան