«Կինդեր» ձվիկի ներմուծումը ՀՀ ժամանակավորապես արգելվել է
SocietyՀՀ «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանք ներմուծող երկու կազմակերպություններում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը իրականացնում է ստուգումներ եվրոպական մի շարք երկրներում «Կինդեր» շոկոլադե ձվերի օգտագործման արդյունքում սալմոնելայով վարակվելու տասնյակ դեպքերի հետևանքով:
Այս մասին «Հայկական Ժամանակ»-ին հայտնեցին տեսչական մարմնից:
Նշված ապրանքանիշը ներկրող երկու կազմակերպություն կա՝ «ՍԼԱՎ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ն (ներկրում է Ռուսաստանից) և «ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն (ներկրում է Գերմանիայից): Ընկերություններում առկա խմբաքանակներից կկատարվի նմուշառում և կներկայացվի լաբորատոր փորձաքննության:
Տրվել է նաև Գերմանիայից ներկրվող «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի ներմուծման ժամանակավոր արգելանքի հրաման:
Տեսչական մարմնից նշեցին՝ լաբորատոր փորձարկումների արդյունքները կհրապարակվեն։