Մարզիկների բարձրացրած հարցերին պետք է հստակ լուծումներ տրվեն, այլ ոչ պարզաբանումներ. Գրիշա Թամրազյան
InterviewԿԳՄՍ նախարարության պարզաբանման եւ ըմբշամարտի մարզիկների բարձրացրած խնդիրների մասին ArmLur.am-ը զրուցել է ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ:
– Պարո՛ն Թամրազյան վերջին օրերին ըմբիշները հարցեր են բարձրացրել կապված սպորտում տիրող իրավիճակի հետ և երեկ պատասխանելով ԿԳՄՍ նախարարությանը՝ հիշատակել են նաև Ձեր անունը կապված 2020թ. ընդունած որոշման հետ: Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ:
– Կարող եմ ասել, որ ըմբիշների կողմից բարձրացված բոլոր հարցերը շատ տեղին են և արդարացի: Հարցերին պետք է տրվեն լուծումներ, այլ ոչ թե պարզաբանումներ: Ընդհանրապես, սպորտը ՀՀ-ում ունի հոգածության կարիք, իսկ ըմբշամարտը, ծանրամարտը, բռնցքամարտը և մարմնամարզությունը հատուկ ուշադրության են արժանի, քանի որ հիմնական մեդալային հույսերը թե՛ եվրոպայի, թե՛ աշխարհի առաջնություններում, և թե՛ առաջիկա օլիմպիական խաղերում՝ Փարիզ-2024-ում, կապվում են հենց այս սպորտաձևերի հետ: Ինչ վերաբերում է հիշատակված որոշմանը, ապա դրանով նշածս մարզաձևերի բոլոր տարիքային հավաքականների արդյունքեր գրանցած մարզիկները, մարզիչները և բժիշկները ստացել են ամսական աշխատավարձ: Այժմ անհապաղ պետք է նմանատիպ որոշում ընդունվի մարզիկներին աջակցելու համար, հակառակ դեպքում կարող է պրոֆեսիոնալ մարզիկների «արտագաղթ» սկսել:
-Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է պետք փոխել սպորտում, որ նման դժգոհությունների ալիք չբարձրանա:
– Ես կարծում եմ, որ առհասարակ ոլորտի պատասխանատուների վերաբերմունքը սպորտի և մարզիկների հանդեպ պետք է փոխվի: Գեթ մեկ օրինակ բերեմ: Վստահ եմ բոլորը կհամաձայնեն, որ Արթուր Ալեքսանյանը ՀՀ նորագույն պատմության սպորտի լենգենդն է. օլիմպիական խաղերի չեմպիոն, «արծաթե» ու բրոնզե մեդալակիր, Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն: Այնուամենայնիվ, մարզիկի 30-ամյա հոբելյանի առթիվ ԿԳՄՍ նախարարությունը նույնիսկ ուղերձ չհղեց: Բայց, օրինակ նույն օրը Քիմ Քարդաշյանի հոբելյանը շնորհավորեց հանրապետության նախագահը: Կամ Օլիմպիական խաղերից վերադարձած և խայտառակ մրցավարության արդյունքում արծաթե մեդալ նվաճած Ալեքսանյանին օդանավակայանում դիմավորող ԿԳՄՍՆ ամենաբարձր պաշտոնյան բաժնի պետ էր: Մինչև օրս նաև չի տրվել հստակ պարզաբանում, թե ինչու Տոկիո-2020-ում Ա. Ալեքսանյանի, Կ. Չալյանի և Կ. Ասլանյանի մենամարտերի մրցավարությունները չեն բողոքարկվել Լոզանի մարզական դատարանում:
Իմ կողմից սպորտի ոլորտը համակարգելու ութ ամիսների ընթացքում, հանուն արդարության պետք է նշեմ, որ սպորտի ոլորտին աջակցելու նախարարության առաջարկած անխտիր բոլոր նախագծերը Կառավարությունն ընդունել է: Մասնավորապես, Ա. Ալեքսանյանի և Ս. Մարտիրոսյանի անվան մարզադպրոցների կառուցելու մասին որոշումները, Օլիմպիական հերթափոխի քոլեջում կիսատ թողնված շինարարության վերագործարկման մասին որոշումը, 10 լավագույն մարզիկներին պարգևատրելու որոշումը (ի դեպ սա առաջին անգամ էր արվում պետության կողմից), ցմահ տրվող պատվո վճարների կրկնապատկումը, մարզիկներին տրվող ամսական նպաստները, որի մասին հիշատակում են մարզիկները: Սրանք ընդունված կարևոր որոշումների միայն մի մասն են: Նման նախաձեռնությունները պետք է շարունակական լինեն, որպեսզի պրոֆեսիոնալ մարզիկները միայն մարզվեն և չմտածեն այլ խնդիրների մասին: Մեր հայրենիքի համար այս ծանր պատմական ժամանակահատվածում մեր մարզիկները հաղթանակներ են կերտում միջազգային հարթակներում: Դրա վերջին ապացույցը Բուդապեշտում կայացած ընբշամարտի Եվրոպայի առաջնությունն էր, որտեղ Մալխաս Ամոյանը և Արսեն Հարությունյանը եզրափակչում հաղթեցին թուրք ըմբիշներին և հպարտանալու առիթներ տվեցին մեզ: Նրանք մերօրյա հերոսներ են և արժանի են պատշաճ գնահատանքի:
Զրուցեց Լիդա Եղիազարյանը