Ուկրաինայում իշխանությունները թույլատրել են զույգերին ամուսնանալ Zoom-ի միջոցով
International newsՈւկրաինայի իշխանությունները ռազմական դրության ժամանակ թույլ են տվել ամուսնանալ հեռակա կարգով, այդ թվում՝ Zoom հավելվածի միջոցով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին հայտարարել է Ուկրաինային արդարադատության փոխնախարար Վալերիա Կոլոմիեցը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Նրա խոսքով՝ այժմ հնարավոր է մեկ օրում դիմել և պաշտոնականացնել ամուսնությունը։
«Ցանկություն հայտնած անձինք կարող են ամուսնանալ օրվա ընթացքում: Ամուսնության գրանցումը կարող է կատարվել ցանկացած «ԶԱԳՍ»-ում, որտեղ ռազմական գործողություններ չկան: Որոշակի պայմաններում ամուսնությունները կարող են գրանցել ոչ միայն «ԶԱԳՍ»-ի աշխատակիցները, այլ նաև ոստիկանները և զինվորականները: Այն զույգերը, ովքեր ծառայության մեջ են կարող են ամուսնանալ նաև Zoom հավելվածի միջոցով»,- ասել է Կոլոմիեցը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։