Թրամփը սպառնացել է ՆԱՏՕ-ին անպաշտպան թողնել Ռուսաստանի դեմ. WP
International newsԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ սպառնացել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին թողնել առանց Ռուսաստանի դեմ պաշտպանության։ Այս մասին գրում է The Washington Post-ը (WP):
Նախկին նախագահը Ֆլորիդայում ապրիլի 21-ին կայացած միջոցառման ժամանակ ասել է, որ զգուշացրել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Հավաքական պաշտպանության պայմանագրի 5-րդ հոդվածը չկատարելու իր մտադրության մասին, որը նշում է, որ ՆԱՏՕ-ի անդամի վրա հարձակումը համարվում է հարձակում ՆԱՏՕ-ի բոլոր անդամների վրա։ Թրամփի խոսքով՝ նման միջոցներ կձեռնարկվեն, եթե դաշինքի անդամները հրաժարվեն վճարել անդամակցության համար։ Քաղաքական գործիչը նշել է, որ երկրների մեծ մասի ներդրումները շատ ավելի քիչ են եղել, քան պահանջվող գումարը։
Սրանից հետո Թրամփին խնդրել են պարզաբանել, թե արդյոք նա, ի թիվս այլ բաների, նկատի ունի՞ ՆԱՏՕ-ի անդամի վրա ռուսական հնարավոր հարձակումից պաշտպանվելուց հրաժարվելը։ «Ես հենց դա ունեի իմ մտքում»,- բացատրել է ամերիկացի նախկին առաջնորդը։
WP-ի փոխանցմամբ՝ Թրամփն այդ մասին հայտարարել է 2018 թվականին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։ Նույն գագաթնաժողովում Թրամփը հանդիմանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին այն բանի համար, որ դաշինքի անդամներից ոչ մեկը, բացի ԱՄՆ-ից, չի ցանկանում ֆինանսապես ներդրումներ կատարել ՆԱՏՕ-ի պաշտպանության համար։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը պետք է պաշտպանի Ֆրանսիային ու Գերմանիային, որոնք էլ իրենց հերթին վճարում են Ռուսաստանին գազի ու նավթի համար։ «Մենք պետք է ձեզ պաշտպանենք Ռուսաստանից, բայց դուք միլիարդավոր դոլարներ եք վճարում Ռուսաստանին, ինչը, իմ կարծիքով, անընդունելի է», - ասել է Թրամփը։