Պուտինը Էրդողանի հետ զրույցում հայտարարեց Մարիուպոլի «ազատագրման» մասին
International newsՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում նրա հետ քննարկել է Մարիուպոլում տիրող իրավիճակը, այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, Թուրքիայի նախագահը բարձրացրել է Մարիուպոլում ստեղծված իրավիճակի հարցը։ Պուտինն արձագանքել է՝ ասելով, որ «այս քաղաքն ազատագրվել է, և այնտեղ մարտեր չեն ընթանում»։
Խոսելով Ազովստալի տարածքում արգելափակված ուկրաինացի զինվորականների մասին՝ Պուտինն ասել է, որ «Կիևի իշխանությունները պետք է ստանձնեն քաղաքական պատասխանատվություն և առաջնորդվելով մարդկային նկատառումներով՝ հրամայեն վայր դնել զենքերը»,- ասվում է հաղորդագրությունում։
«Ռազմագերիներին երաշխավորվում է կյանքը, բժշկական օգնությունը և բուժումը՝ միջազգային իրավական նորմերին համապատասխան», - ասվում է Կրեմլում։