Ընդամենը չորս տարի անց...«Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Մայիսի 1-ի հանրահավաքով ընդդիմությունը բարձրացրեց քաղաքական պայքարի նշաձողը և ապրիլի 5-ին մեկնարկած հանրահավաքային պայքարը տեղափոխեց նոր՝ ինչպես իրենք են ասում, վճռական փուլ:
Ընդդիմությունը մնաց փողոցում, երեկ ողջ օրը փողոցներ էին փակվում, տարբեր ակցիաներ էին իրականացվում, չնայած անձրևին ու ոստիկանական ուժերի՝ որոշ դեպքերում անմարդկայնության հասնող գործողություններին: Իսկ նախօրեին, այսպես կոչված, Քաղաքացու օրն էր, որն արհեստականորեն «ծնել» են քպականները, ու իրենք էլ նշում են։ Միայն իրենք: Ճիշտ է՝ այս անգամ առանձ խաշ-խորովածի, ինչպես սովոր են, բայց, դե, գոնե ուղերձների մակարդակով:
Հիշենք, որ առաջին ու վերջին անգամ 2019 թվականին իշխանությունները մեծ շուքով նշեցին այդ օրը։ Այդ ժամանակ ճանապարհներ փակվեցին, գորգեր լվացին, մի շարք այլ միջոցառումներ իրականացվեցին, որի համար պետբյուջեից կլորիկ գումար դուրս գրվեց։
Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա նա Մաշտոցի պողոտայում խորոված էր պատրաստում։ 2020 թվականին տոնը չնշվեց կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով, իսկ 2021 թվականին այդ օրը համընկավ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի հետ, բայց որոշվեց այն նշել հաջորդ օրը՝ ապրիլի 25-ին։ Սակայն այդ օրը հայտնի դարձավ միայն նրանով, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց, որպեսզի հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն։ Այդ ընտրությունների արդյունքում էլ Փաշինյանը հնարավորություն ստացավ վերարտադրվել։
Եվ հատկապես Արցախյան պատերազմում հայկական կողմի կրած պարտությունից հետո Քաղաքացու օրը, ասոցացվելով Փաշինյանի պաշտոնավարման և նրա օրոք հայ ժողովրդի գլխին եկած աղետի հետ, երկրորդական նշանակություն ստացավ։
Եթե Քաղաքացու օրը որևէ նշանակություն ունի, ապա միայն իշխանական թիմի ներկայացուցիչների համար, և եթե նույնիսկ հարցում անցկացվի հանրության շրջանում, ապա մարդկանց մեծամասնությունը չի էլ հիշի, թե նման օր կա, որը ոչ թե հանրության պահանջից է բխել, այլ արհեստականորեն իշխանությունների կողմից ներմուծվել է տոնական օրացույց։ Այս տարի Փաշինյանը բավարարվեց ընդամենը շնորհավորական ուղերձ հղելով, սակայն դժվար է այդ մերկապարանոց, անիմաստ հայտարարությունն անվանել շնորհավորական ուղերձ։ Ի դեպ, շատերի կարծիքով, նման տեքստ գրողին պետք է օր առաջ աշխատանքից ազատել։ Իսկ եթե անձամբ Փաշինյանն է գրել, ապա նրան առավել ևս պետք է աշխատանքից ազատել։
Մասնավորաբար, այդ ուղերձում միտք է հնչում այն մասին, թե երկրի վրա թափված աղետների հեղինակն իրենք չեն, այլ այն ճակատագրի առաքելություն է, սակայն դա չի խանգարելու, որպեսզի իրենք հայրենիքը հասցնեն բարեկեցիկ ապագայի։ Ստացվում է, որ Փաշինյանն ու իր թիմն ուղղակի «ճակատագրի զոհ» են և պատասխանատվություն չեն կրում տեղի ունեցածի համար։ Դժվար է ավելի մեծ սուտ հորինել: 2018 թվականից սկսած Փաշինյանը ժողովրդին բարեկեցիկ ապագա էր խոստանում, սակայն հասցրեց աղետալի հանգրվանի։
Ուստի արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ ողբալի վիճակի կհասնենք այս անգամ նրա կողմից խոստացվող «բարեկեցիկ ապագայի» ու «խաղաղության դարաշրջանի» պատճառով։ Ժողովուրդը հենց այդ հույսով է դուրս եկել փողոց՝ երկիրը նման ծանրագույն հեռանկարից զերծ պահելու համար: Ի վերջո, պրիմիտիվ ստերով հնարավոր չէ երկար ժամանակ կերակրել հանրությանը, որը հստակ ցույց է տալիս իր որոշումը՝ երկրի վրա թափված աղետների պատասխանատուն ու մեղավորը Փաշինյանն ու իր թիմն են։
Եվ Նիկոլն այն աստիճան է աղետի հեղինակ ու պատճառ, որ հասարակությունը տվյալ իրավիճակում ապագայի համար հայացքը հառել է... անցյալին՝ նաև «նախկիններին» դիտելով որպես «փրկօղակ»: Ահա այն հետևանքը, որ տեղի է ունեցել անցած չորս տարում փաշինյանական ավերումների պատճառով:
ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում