«Անպատժելիության մթնոլորտը միշտ ստեղծում է նոր անօրինականություններ». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Դեռևս մայիսի 2-ին Երևանում կազմակերպված անհնազանդության ակցիաների ժամանակ խոչընդոտվել էր ԶԼՄ-ի ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը: Ամենից աչքի զարնող դեպքը կապված էր պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանի հետ, որը Պռոշյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում ագրեսիվ պահվածք էր դրսևորել «Mediahub.am» լրատվական կայքի թղթակցի նկատմամբ, մասնավորաբար` հարվածել էր նրա ձեռքի բարձրախոսին, ապա ոտքով խփել կայքի օպերատորին ու վնասել տեսախցիկը։
Մեկ այլ դեպքում ոստիկանների ու քաղաքացիների միջև բախման արդյունքում վատացել էր «Yerkir.am» լրատվական կայքի թղթակցի ինքնազգացողությունը: Խոչընդոտել էին նաև «AntiFake.am» կայքի լրագրողների աշխատանքը։ Այս դեպքերին հաջորդեցին լրագրողական կազմակերպությունների հայտարարությունները՝ դատապարտելով զանգվածային ակցիաների ընթացքում մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների ու օպերատորների նկատմամբ հարձակումները իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից: Շատերը կարծիք էին հայտնում, որ, կարծես թե, դիտավորյալ թիրախավորում են լրագրողներին, ակնհայտ խոչընդոտում նրանց աշխատանքը:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հիմնադիր Շուշան Դոյդոյանը նշում է, որ իրենց տարածած հաղորդագրության մեջ անդրադարձել են նրան, որ այսքան տարվա ընթացքում ոստիկանությունն այդպես էլ չսովորեց նախ կատարել իր գործը, հետո հաղորդակցվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որոնք նույնպես իրենց աշխատանքն են կատարում:
«Նրանք իրենց կապրիզի համար չեն գտնվում իրադարձությունների վայրում, այլ կատարում են իրենց մասնագիտական պարտականությունն այնպես, ինչպես ոստիկանությունը: Եվ, այո, ոստիկանության պարտականությունների մեջ է մտնում նաև լրատվամիջոցներին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն տրամադրելը, որպեսզի վերջիններս էլ հասարակությանն իրազեկեն: Բայց փաստացի իրենք ամեն անգամ շատ նյարդայնանում են լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեսնելուց, և դա հանգեցնում է նրան, ինչին մենք ականատես եղանք օրերս: Փառք Աստծո, ոչ ոք ծանր վնասվածքներ չի ստացել, բայց, այնուամենայնիվ, դա անընդունելի պահվածք է»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Դոյդոյանը:
Կարևոր է նաև պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը: «Վերջին տարիներին լրատվամիջոցների մասնագիտական օրինական գործունեությանը խանգարողները երբևէ պատասխանատվության չեն ենթարկվում: Դա էլ հենց պարարտ միջավայր է ստեղծում հետագա խախտումների համար: Մենք ամեն անգամ ասում ենք` հարուցեք քրեական գործ, գործի քննությունը մինչև վերջ արդարացիորեն իրականացրեք, որովհետև անպատժելիության մթնոլորտը միշտ ստեղծում է նոր անօրինականություններ և հանցագործություններ: Քանի դեռ հանցագործը պատասխանատվության չի ենթարկվում, մյուսներն էլ ասում են` մենք էլ եթե անենք, կմնանք անպատիժ: Ու այդպես շղթան շարունակվում է»,-նշում է մեր զրուցակիցը:
Կարծում է` այս դեպքում էլ մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվի: «Մինչ օրս մենք չունենք որևէ դրական օրինակ, որի վրա կարող ենք հենվել: Սա էլ հերթական նմանօրինակ դեպքերից մեկն է լինելու: Քրեական օրենսգիրքը հատուկ նախատեսում է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը միջամտելու համար պատասխանատվություն, բայց մենք չունենք նման դեպքեր, երբ օրենսգրքի 164-րդ հոդվածը լիարժեք կիրառվել է»,-եզրափակում է Շուշան Դոյդոյանը:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում