«Ովքեր մտահոգ են երկրի ճակատագրով, պետք է միավորվեն կարևորի շուրջ». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Հայաստանն ու Արցախը կրկին անհանգիստ են, տագնապային տրամադրությունները գնալով մեծանում են, ու հենց առկա մտահոգություններն ու անհանգստությունները ստիպեցին մարդկանց հաղթահարել երկարատև թմբիրը, փորձել մի կողմ թողնել տարաձայնությունները և հայրենիքի պահպանման գաղափարով դուրս գալ պայքարի: Այս օրերին, երբ հասարակական տրամադրությունները կրկին լարված են, երբ առաջնահերթ քննարկման հարցը Հայաստանի և Արցախի անվտանգության հարցն է, խոսվում է նաև այն մասին, թե ինչո՞ւ թողեցինք, որ «դանակը հասնի ոսկորին»: ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Աննա Մայիլյանից հետաքրքրվում ենք՝ վերջին օրերի իրադարձությունները կարո՞ղ են հասարակության՝ անտարբերությունը հաղթահարելու ցուցիչը լինել:
«Մեր ժողովուրդը երբեք անտարբեր չի էլ եղել, ուղղակի հանգամանքները այնպես են դասավորվում, որ համազգային շարժման համար որոշակի պայմաններ են հարկավոր, նաև լիդերներ։ Դեռ առաջ պետք է գան նոր ժամանակին համապատասխան լիդերներ, որոնց համար այսուհետ կարևոր կլինի միայն ազգային շահը, և որոնք համապատասխան կրթություն կունենան»,-«Փաստի» հետ զրույցում հավաստում է Մայիլյանը։
Այս ծայրահեղ ծանր վիճակում կարևորվում է գաղափարի շուրջ համախմբվելու անհրաժեշտությունը, իսկ գաղափարը Արցախն է: «Ինչպես բոլոր պատմական դժվար ժամանակաշրջաններում, այնպես էլ այսօր, մեզ հարկավոր է միասնականություն։ Իմ կարծիքով, բոլոր քաղաքական առողջ ուժերը, որոնք մտահոգ են երկրի ճակատագրով, պետք է միավորվեն կարևորի շուրջ։ Չի կարելի կոչ անել ժողովրդին գնալ միայն այս կամ այն ուժի ետևից։ Բոլորը պետք է միավորվեն, իսկ թե ով կմտնի ապագա Ազգային ժողով կամ կառավարություն, արդեն հետոյի հարց է»,-նշում է մեր զրուցակիցը:
Խոսվում է նաև տարիներ ի վեր թույլ տված սխալների ու դրանց շտկման անհրաժեշտության մասին: Շատերն են ասում, որ մեր այսօրվա վիճակի մեջ մեծ «մեղավորություն» ունի այն, որ տարիներ ի վեր հեռացանք մշակույթից, կրթությունից ու հավատքից: «Այո, կրթությունն ու մշակույթը բանակի հետ զուգահեռ կարևոր սյուներ են մեր երկրի համար։ Վատ կրթության դեպքում ունենում ենք անորակ ոստիկան, բժիշկ, զինծառայող, չենք ունենում մշակույթ և գիտություն, ըստ այդմ՝ դառնում ենք հեշտ պաշարվող ամրոց։ Առաջնահերթ է ազգային կրթության, գիտության և մշակույթի զարգացման ծրագրերի մշակումը և զարգացումը»,- եզրափակում է Աննա Մայիլյանը:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում