«ԽՍՀՄ»-ի հիմնադրին դատապարտել են ութ տարվա ազատազրկման
International newsՌուսաստանում արգելված ծայրահեղական «ԽՍՀՄ» («Ռուսաստանի սլավոնական ուժերի միություն» կամ «Խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միություն») հիմնադիր Սերգեյ Տարասկինը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման։
Տարասկինը մասնագիտությամբ ատամնաբույժ է և ինքնահռչակ «ԽՍՀՄ նախագահ»։ Նա իրեն անհետացած պետության ղեկավար է հռչակել 2010 թվականին, երբ դատի էր տվել Զելենոգրադի քաղաքային իշխանություններին, որոնք պարտքերի պատճառով վտարել էին նրա կլինիկան վարձակալած շենքից։ Նրա հիմնադրած «ԽՍՀՄ» շարժման գաղափարախոսությունը հիմնված էր դավադրության վարկածի վրա, ըստ որի` Խորհրդային Միությունը դե յուրե շարունակում է գոյություն ունենալ, իսկ Ռուսաստանը «կազմակերպված հանցավոր խումբ» է։ «ԽՍՀՄ»-ը չի ճանաչել ռուսական անձնագրերը և վաճառել է սեփականը։
Коммерсантъ-ը գրել է, որ 2018 թվականին, ըստ ԱԴԾ-ի, ԽՍՀՄ շարժումն ունեցել է մոտ 150 հազար հետեւորդ։ 2019 թվականին շարժումը ճանաչվել է ծայրահեղական, 2020 թվականին Տարասկինը տնային կալանքի է ենթարկվել։