Արևմուտքն ընդամենը 90 վայրկյանում կոչնչացնի Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը. բրիտանական ԶԼՄ
International newsՊատերազմի դեպքում Արևմուտքը պատրաստ է ընդամենը 90 վայրկյանում երկրի երեսից ջնջել Ռուսաստանի ամենամեծ քաղաքները, գրում է Daily Express-ը։
Ապրիլին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ եթե Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և նրանց դաշնակիցները հատեն սահմանը և ռազմական միջամտություն կատարեն Ուկրաինայում, նրա երկիրը կպատասխանի «կայծակնային արագությամբ», հիշեցնում է թերթը։
Հաղորդվում է, որ Մոսկվան ունի 5977 միջուկային զենք, ինչը մի փոքր ավելին է, քան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներինը, որոնք միասին ունեն 5943 հատ: Հրատարակությունը նշում է, որ եթե Պուտինը որոշի միջուկային հրթիռ արձակել Բրիտանիայի կամ ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի վրա, ապա դա կհամարվի հարձակում դաշինքի բոլոր 30 անդամ երկրների վրա՝ համաձայն նրա կանոնադրության 5-րդ հոդվածի։
London Evening Standard-ի ռազմական խմբագիր Ռոբերտ Ֆոքսը LBC-ի լրագրող Մեթյու Ռայթին ասել է, որ նման արևմտյան արձագանքի արագությունը ապշեցնող կլինի, և Մոսկվան ու Սանկտ Պետերբուրգը հողին կհավասարեցվեն երկու րոպեից պակաս ժամանակում:
Նրա խոսքով՝ միջուկային շանտաժը շատ բարդ խաղ է։ «Եվ ես կարծում եմ, որ ռուս գեներալները գիտեն այդ մասին: Ռուսական բանակի բոլոր ողջամիտ մարդիկ գիտեն դրա մասին, քանի որ այս դեպքում հաղթողներ չեն լինի: Եթե նա դա օգտագործի, ուրեմն օգնեք մեզ, Տեր: Բայց Սանկտ Պետերբուրգը և Մոսկվան կոչնչացվեն 90 վայրկյանում»,- ասել է նա։
Երկու շաբաթ առաջ BBC Russia-ի խմբագիր Սթիվ Ռոզենբերգը Twitter-ում գրել էր Լոնդոնին նախազգուշացնող զեկույցի մասին, որը ցուցադրվել էր ռուսական պետական հեռուստատեսությամբ: Զեկույցում ենթադրվում էր, որ Մոսկվան կարող է ընդմիշտ «խորտակել» Բրիտանիան իր 100 մեգատոնանոց «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով, որը ցունամի կառաջացնի և երկիրը կվերածի «ռադիոակտիվ անապատի»: Այնուամենայնիվ, Բրիտանիան ունի անհրաժեշտ պաշտպանական միջոցներ միջուկային մարտագլխիկները խոցելու համար։ Օրինակ, այն կարող է օգտագործել ԱՄՆ ռազմավարական պաշտպանության նախաձեռնության միջոցները, որոնք նաև հայտնի են որպես «Աստղային պատերազմներ», նման միջուկային զենքերը որսալու և ոչնչացնելու համար: Այս համակարգը ստեղծվել է 1984 թվականին նախագահ Ռոնալդ Ռեյգանի օրոք, երբ ԱՄՆ-ը և Խորհրդային Միությունը սառը պատերազմի մեջ էին։ Միաժամանակ կառավարությունը կարող է օգտագործել 45 տիպի կործանիչներ, որոնց պաշտպանական համակարգերն ունակ են հետ մղել ցանկացած միջուկային հարձակում։ Անհրաժեշտության դեպքում այդ նավերը կարող են տեղակայվել Թեմզայի գետաբերանում՝ պաշտպանելու Լոնդոնը և նրա հարակից տարածքները: