«Հայրը գիշերը խոսել էր որդու հետ, բարձր տրամադրությամբ է եղել». մահացած հայտնաբերված զինծառայողը Շաքի գյուղից էր (ֆոտո)
SocietyՀՀ ՊՆ N զորամասերից մեկում այսօր՝ մայիսի 11-ին, կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վիրավորում ստացած Արգիշտի Եղյանը Սյունիքի մարզի Շաքի համայնքից էր։ 20–ամյա Արգիշտին բանակ էր զորակոչվել մեկ տարի չորս ամիս առաջ։
NEWS.am-ի հետ զրույցում Շաքի համայնքի վարչական ղեկավար Ռուբեն Մանուչարյանն ասաց, որ առավոտյան են լսել Արգիշտիի մահվան լուրը։
«Հայրը երեկ ուշ երեկոյան բավականին երկար խոսել է Արգիշտիի հետ։ Ամեն ինչ լավ էր տղայի հետ, բարձր տրամադրություն է ունեցել, ուրախ, բայց թե ինչու է նման բան եղել՝ չգիտենք, հուսով ենք՝ համապատասխան մարմինները կպարզեն։ Մի քանի օր առաջ էլ ես եմ հնարավորություն ունեցել տեսակապով զրուցել նրա հետ, բարձր տրամադրություն ուներ, որեւէ անհանգստություն չուներ»,– պատմեց գյուղի վարչական ղեկավարը։
Արգիշտի Եղյանը սովորում էր ԵՊՀ–ի Եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի «Անգլերեն, իսպաներեն եւ հաղորդակցության» բաժնի 1–ին կուրսում։