Որակյալ ու տարբերվող. «Ֆուտուրիսի» ստեղծման գաղափարի հիմքում ընկերությունն է. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Ժամանակակից տեխնոլոգիաների դարում ճարտարապետական ու ինտերիեր լուծումները պահանջում են ժամանակակից մոտեցումներ։ Ինչպե՞ս ստեղծել նորաոճ ու տարբերվող ինտերիեր, ի՞նչ են առաջարկում ոլորտի մասնագետները։ Այս հարցերի շուրջ զրուցել ենք Futuris Architects ընկերության համահիմնադիր և գեղարվեստական ղեկավար Ալ բերտ Գալստյանի հետ։
- Ալբե՛րտ, ինչպե՞ս է առաջացել «Ֆուտուրիսի» ստեղծման գաղափարը։
-Հիշում եմ՝ դեռ ուսանողական տարիներից երազում էի դիզայներական ստուդիա ունենալու մասին, որտեղ մի խումբ ստեղծագործ մարդկանց հետ միասին մեր գաղափարները կյանքի կոչելով՝ կկերտեինք կենսակերպ։ Եկավ ժամանակը, ու հասկացա, որ անհրաժեշտ է երազանքը դարձնել նպատակ, և 2008 թվականին ստեղծեցի «Ֆուտուրիսը», որից հետո 2011 թվականին ինձ միացավ համահիմնադիր Հովնան Շահբազյանը։ Այժմ «Ֆուտուրիսը» համարվում է Հայաստանի ամենաճանաչված ու առաջատար ընկերություններից մեկը։
-Իսկ ի՞նչ է առաջարկում Futuris Architects ընկերությունը, ի՞նչ նպատակներով և առանձնացվող գաղափարներով եք ներկայանում հանրությանը։
- Համադրելով գեղեցիկն ու հարմարավետը՝ մենք առաջարկում ենք որակյալ, տարբերվող և կրեատիվ ծառայություններ։ Թերևս ամեն մի նախագծի վրա աշխատելիս մեր հիմնական նպատակն է դիզայնի միջոցով արտահայտել մարդու անհատականությունը, նրա աշխարհայացքը, ապրելակերպն ու գործելաոճը։ Ինչպես մեր կարդացած գրքերը, հագուստը, ժեստերն են նկարագրում մեզ, այնպես էլ տունը, աշխատավայրը և անգամ այն վայրը, որտեղ մեր ազատ ժամանակն ենք նախընտրում անցկացնել։ Ամեն մի նախագծի անհատական մոտեցում ենք ցուցաբերում։
- Ակնհայտ է, որ նման ընկերությունների պակաս չկա, ինչո՞վ է տարբերվում Futuris Architects ընկերությունը ոլորտի մյուս ընկերություններից։
- Ամեն մի ընկերություն ունի իր յուրահատկությունը։ «Ֆուտուրիսի» յուրահատկությունն իր մոտեցումն է դիզայնին, մարդկանց, միջավայրին, կյանքին ու աշխարհին։ Մեզ համար մեծ կարևորություն ունի երիտասարդ մասնագետների կրթությունը և տարին 2 անգամ «Ֆուտուրիսն» իր դռներն է բացում, որի ժամանակ ուսանողների և ոլորտի սկսնակների հետ կիսվում ենք մեր անցած ճանապարհով, փորձով և գիտելիքներով։ Մեկ տարի առաջ կազմակերպեցինք «FA Convention 2021. կրեատիվ պրոցեսի դիզայն» կոնֆերանսը, որի շրջանակներում կիսվեցինք մեր տարիների փորձով։ Իսկ մեր յութուբյան ալիքի միջոցով հասարակությանը ներկայացնում և ծանոթացնում ենք հայկական արտադրանքին, որն, իմ կարծիքով, անհրաժեշտ է, քանի որ այն կնպաստի մեր երկրի տնտեսության զարգացմանը։
- Արդյո՞ք ռիսկային չէ հավակնոտ ու նոր լուծումներ առաջարկելը, ի՞նչ խնդիրների առաջ եք կանգնել, որոնք ընթացքում լուծումներ են ստացել։
- Ամենամեծ ռիսկը ռիսկի չդիմելն է։ Հակառակը՝ անհրաժեշտ է միշտ փորձել ու նոր լուծումներ առաջարկել։ Կստացվի՞, շատ լավ, չի՞ ստացվի, ուրեմն, կաշխատենք այնքան, մինչև հասնենք մեր նպատակին։ Երբևէ անլուծելի խնդիրների առաջ չենք կանգնել. դա, երևի, գալիս է մեր մտածողությունից ու աշխարհայացքից, քանի որ մեր մտքի թռիչքը սահմաններ չունի։
-Կներկայացնե՞ք Futuris Architects ընկերության աշխարհագրությունը, ովքե՞ր են ձեր պատվիրատուները։
-Մենք նախագծում ենք ինչպես բնակելի տներ և բնակարաններ, այնպես էլ՝ ռեստորաններ, օֆիսներ, բանկեր, մարզասրահներ և այլն։ Մեր իրականացրած նախագծերից են՝ Reebok Sports Club-ը, Evocabank-ը, ID Bank-ը, Panda Hookah Lounge-ը, Rooby Fancy Cafe, Roomz-ը, AES Credit-ը:
- Ի՞նչ նպատակ է իր առջև դրել ընկերությունը առաջիկայի համար։
-Մենք ինքներս մեզ մարտահրավեր ենք նետել՝ դառնալ աշխարհի առաջատար ընկերություններից մեկը։ Մենք հավատում ենք մեր երազանքին, քանի որ ամեն ինչ հնարավոր է։
- Ալբե՛րտ, ինչպե՞ս կնկարագրեք «Ֆուտուրիսը» մեկ բառով։
- Ընտանիք։ Մի մեծ ու համերաշխ ընտանիք, որտեղ հավաքված մարդիկ ինչքան տարբեր, այդքան էլ նման են իրար։ «Ֆուտուրիսում» բոլորս ունենք նույն աշխարհայացքն ու նպատակները։ Սա էլ է մեր հաջողության գաղտնիքներից մեկը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում