Ի՞նչ էր «պարտավորվում» Արթուր Բրուքը. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է
Արթուր Բրուքը ծնվել է 1845 թվականին անգլիական Էշթոն քաղաքում: Նրա հայրը՝ Չարլզ Բրուքը, թեյի վաճառքի խանութի տերն էր: Երեխա ժամանակ Արթուրը շատ էր սիրում իր ազատ ժամանակը անցկացնել հոր խանութում, որտեղ օդում թեյի անուշ բույր էր զգացվում: Տղան չէր կարող պատկերացնել իր ապագան առանց թեյի խանութի: Առաջին թեյի խանութը Արթուրը բացել է 1869 թվականին Մանչեսթերում: Նա դրա վրա ծախսել է իր ամբողջ խնայողությունը՝ չորս հարյուր ֆունտ:
Նոր խանութի ճակատի գրությամբ կարելի էր պարզել սեփականատիրոջ անունը: Հետաքրքիր փաստ է, որ Բրուք ազգանունին ավելացվել է «Bond» բառը, որը նշանակում է «պարտավորություն»: Այսինքն՝ «Brooke Bond» թեյի խանութը նման կերպ հաճախորդներին խոստանում է, որ վաճառվող թեյը միշտ կլինի որակյալ: Դա էլ դարձել էր Բրուքի կյանքի հարցը: Նրա կողմից կատարված ամենամեծ հայտնագործության նպատակը եղել է վառ, հարուստ համով անուշահոտ անգլիական սև թեյ ստանալը: Դա հնարավոր է եղել իրականացնել թեյի տարբեր տեսակներ խառնելով: Ստացվել է որակյալ խմիչք, և ներկայումս էլ «Brooke Bond» թեյ արտադրողները հավատարիմ են նույն սկզբունքին: Այն բանից հետո, երբ Բրուքի շահույթը աճել է, նա որոշել է բացել թեյի ևս մի քանի խանութ: Նոր խանութներ են հայտնվել նախ Մանչեսթերում, ապա Լոնդոնում: «Brooke Bond» թեյը իր գերազանց որակով անմիջապես գնահատվել է հաճախորդների կողմից, հետևաբար աննախադեպ պահանջարկ է առաջացել:
Որպեսզի իր խանութներին մատակարարվող թեյի խառնուրդը ավելի լավ վերահսկվի, Արթուրը դարձել է Աֆրիկայում, Ցեյլոնում և Հնդկաստանում գտնվող՝ թեյի մի շարք պլանտացիաների սեփականատեր: Շուտով նա պարզել է, որ ճիշտ է թեյը աճեցնել Աֆրիկայի յուրահատուկ եղանակային պայմաններում և Ցեյլոնի փափուկ մուսոնային քամիների տակ, ապա դրանցով ստանալ խառնուրդների հոյակապ բազմազանություն, ինչը բարձր է գնահատվում այդ խմիչքի սիրահարների կողմից ամբողջ աշխարհում: Մշտապես աշխատելով թեյի որակը բարելավելու ուղղությամբ՝ Արթուր Բրուքը միաժամանակ զբաղվել է նաև թեյի նոր տեսակների ստացմամբ: 19րդ դարում շատ բրիտանացիներ նույնիսկ չգիտեին ցեյլոնյան թեյի մասին, քանի որ այն յուրահատուկ էր և հազվադեպ:
Հենց Արթուր Բրուքն է այդ թեյը առաջին անգամ վաճառել իր խանութներում: Տարիների ընթացքում «Brooke Bond»-ը դարձել է թեյ վաճառող առաջատար ընկերություններից մեկը, որը ամբողջ աշխարհում Անգլիային համաշխարհային ճանաչում է բերել՝ դարձնելով այդ երկիրը թեյի արդյունաբերության առաջատար: Հետագայում Արթուր Բրուքն իր ընկերությունը վաճառել է անգլո-հոլանդական «Unilever» կոնցեռնին: Ներկայումս ամբողջ աշխարհում թեյի շուկայի մոտ 20 % -ը պատկանում է այդ կոնցեռնին:
Տարիների ընթացքում, միջազգային փորձի, շարունակական հետազոտությունների և որակի վերահսկման շնորհիվ բնական սև թեյի արտադրությունը շարունակվել է ըստ անգլիական ավանդույթների, իսկ «Brooke Bond»-ի որակի ստանդարտներն էլ ավելի են ամրապնդվել: Հիմա այդ ապրանքանիշի թեյը հատկապես սիրված է և մեծ պահանջարկ ունի Անգլիայում, Հնդկաստանում, Ռուսաստանում և շատ այլ երկրներում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում