Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումներին. Բայդենը` Ալիևին
International newsԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենն այսօր շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։
Ներկայացնում ենք ուղերձն` ամբողջությամբ.
«Ամերիկացի ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ և Ադրբեջանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ։
Այս տարի լրանում է ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Վերջին 30 տարիների ընթացքում էներգետիկ դիվերսիֆիկացիայի և միջազգային անվտանգության ոլորտում մեր համագործակցությունը կարևոր պատմական պահին տվել է իր պտուղները, և Ադրբեջանը կարևոր դեր է խաղացել եվրոպական և համաշխարհային շուկաների անվտանգության ապահովման և կայունացման գործում։ Չափազանց կարևոր եմ համարում Ադրբեջանի աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը, ինչպես նաև Ուկրաինային ցուցաբերվող մարդասիրական և էներգետիկ օգնությունը։ Մենք նաև բարձր ենք գնահատում ձեր նշանակալի ներդրումը ահաբեկչության դեմ համաշխարհային պայքարում։
Այժմ ժամանակն է հուսալ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու կարևոր հնարավորության վրա: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական շփումների ակտիվացմանը և տնտեսական, տրանսպորտային և միջանձնային կապերի հաստատմանը, որոնք թույլ կտան ծաղկեցնել ողջ Կովկասը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին նպատակաուղղված քայլեր ձեռնարկել ժողովրդավարական կառավարման և բարեփոխումների ուղղությամբ, որոնք պաշտպանում են բոլոր ադրբեջանցիների իրավունքներն ու հիմնարար ազատությունները։
Համաշխարհային անկայունության այս շրջանում, երբ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ պատերազմով փորձում է խաթարել միջազգային անվտանգության հիմնական հենասյուները, ԱՄՆ-ը վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի անկախությանը և ինքնիշխանությանը։ Մենք ակնկալում ենք ընդլայնել մեր հարաբերությունները առաջիկա տարիներին և տասնամյակներում:
Անկախության օրվա առթիվ ես իմ լավագույն մաղթանքներն եմ հայտնում Ադրբեջանի ժողովրդին»։