Ամռանը կապիկի ծաղիկը կարող է տարածվել. ԱՀԿ ներկայացուցիչ
SocietyԿապիկի ծաղիկով հիվանդացության դեպքերի թվի աճ կարող է գրանցվել ամռանը: Այս մասին ասել է ԱՀԿ Եվրոպական տարածքային բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն:
Նա նշել է, որ ամռանը Եվրոպայում շատ են զանգվածային միջոցառումները, փառատոները և երեկույթներն, ինչը կարող է կապիկի ծաղիկի տարածման պատճառ հանդիսանալ:
Նա նաև հայտնել է, որ եվրոպական ավելի քան 8 երկրում արդեն գրանցվել է կապիկի ծաղիկի վարակվածության դեպք: Եվրոպայի սահմաններից դուրս վարակվածության դեպք գրանցվել է նաև Ավստրալիայում, Կանադայում և ԱՄՆ-ում:
Այս շաբաթ Եվրոպայում գրանցվել է ավելի քան 100 վարակվածության դեպք, Գերմանիայի իշխանություններն էլ հայտարարել են, որ այս բռնկումն արդեն կարելի է համարել եվրոպական շրջանում եղած ամենախոշորը:
Նշենք, որ կապիկի ծաղիկը հազվագյուտ ինֆեկցիոն հիվանդություն է, որն ավելի շատ տարածված է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի առանձին շրջաններում: Կապիկի ծաղիկի ախտանիշներն են՝ սրտխառնոց, բարձր ջերմություն, ցան, քոր և մկանային ցավեր: Վիրուսը տարածվում է շփման միջոցով: